Մատչելիության հղումներ

Ըստ Ալիևի, Հայաստանը «փորձում է միջազգայնացնել սահմանների խնդիրը»


«Ոչ ադեկվատ արձագանք», - այսպես է բնորոշում պաշտոնական Երևանի վերջին օրերի պահվածքը Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող կացությանը՝ Ալիևը նշել է. «Այս պահին սահմանները հստակեցվում են և հայկական կողմը ոչ համարժեք արձագանք է ցուցաբերում։ Այս հարցով Հայաստանի դիմումը՝ ուղղված Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչ այլ ինչ է, քան հարցը միջազգայնացնելու փորձ: Դա բացարձակապես անհիմն քայլ է։ Սահմանին որևէ ընդհարում տեղի չի ունեցել, իրավիճակը կայուն է, իսկ բանակցությունները շարունակվում են»։

Կիրակի օրը պաշտոնական Բաքվի տեսակետը ներկայացրել էր նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը, պնդելով, թե սահմանին առկա խնդիրները պետք է լուծվեն «երկկողմ շփումների միջոցով՝ հիմնված կողմերի կառուցողական երկխոսության վրա»։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նաև ընդգծել էր, թե պետական սահմանին ծագած լարվածության պատճառները բխում են նախորդ 2,5 տասնամյակներում ստեղծված իրավիճակից։

«Սահմանային լարվածության հիմքում ընկած է ադրբեջանական հողերի անօրինական օկուպացիան։ Ադրբեջանը միայն վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը», - պնդում էր Աբդուլաևան։

Նշենք, ի դեպ, որ Իլհամ Ալիևի և երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունները հնչեցին ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունների մեկնարկից հաշված ժամեր անց։ Կիրակի մեկնարկած քառօրյա զորավարժություններին մասնակցում է շուրջ 15 հազար զինծառայող, 300 միավոր զրահատեխնիկա, հարյուրավոր հրետանային և հրթիռային համակարգեր, ինչպես նաև հինգ տասնյակ ռազմական օդանավեր, ուղղաթիռներ, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում նշում են, որ շարունակվող այս զորավարժությունների ընթացքում հիմնական շեշտը դրվում է զորքերի կառավարման և դրանց վերախմբավորման, ինչպես նաև տարբեր զորատեսակի փոխգործակցության վրա։

Ըստ զորավարժությունների սցենարի, ադրբեջանական ստորաբաժանումները պետք է «կանխեն անօրինական զինված խմբավորումների սադրանքները և պատասխան գործողություններ ձեռնարկելով ոչնչացնեն «ահաբեկիչներին»։

Բացի այդ, ըստ ադրբեջանական APA գործակալության, այսօր Նախիջևանում տեղակայված առանձին համազորային բանակում եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել։

Ուժերի նման կուտակման պայմաններում հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության առթիվ մտահոգության ակնհայտ նշույլներ են շարունակում ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ անցած կիրակի ուշ երեկոյան կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հեռախոսազրույցը, որի ընթացքում բարձրաստիճան դիվանագետները երկու թեմա են քննարկել՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ծագած բախումները և հայ-ադրբեջանական հարաբարությունները։

«Պետքարտուղար Բլինքենը և նախարար Լե Դրիանը խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համագործակցության մասին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը», - նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG