«Ամերիկան ակնկալում է, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի իր զորքը»,- պետդեպարտամենտի այս հայտարարությունը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն աննախադեպ ու շատ ազդեցիկ է համարում՝ ընդգծելով, որ հենց սա է այդ հայտարարության հիմնական մեխը։
«Այս փուլում, կարծում եմ, այս հայտարարությունը բավականին ազդեցիկ է և պետք է հուշի Բաքվին, որ հաջորդ քայլերը կարող են լինել ավելի կոշտ, որովհետև տեղի է ունեցել, փաստորեն, զորքերի ներխուժում, ինչն ուղղակի ՄԱԿ-ի կանոնադրությանն է հակասում և դրանից ենթադրվում են նաև բավականին կոշտ հետևանքներ: Սա նշանակում է, որ նաև հակասում է ԵԱՀԿ և ԵԽ առաջ ստանձնած Ադրբեջանի պարտավորություններին, կոպտագույն խախտում, ինչը ևս հետևանքներով է հղի: Բնականաբար, աստիճանաբար է ճնշումն ահագնանում», - ասաց քաղաքագետը:
Մայիսի 12-ից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանի խախտման և առաջխաղացմանն անդրադառնալով Պետդեպարտամենտի խոսնակն ընդգծել է՝ «վիճելի տարածքներում ռազմական տեղաշարժն անպատասխանատու է ու նաև՝ սադրիչ»։
Պետդեպարտամենտի պաշտոնյան նաև հավելել է՝ դեմարկացիայի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների և քննարկումների միջոցով: Թե «վիճելի տարածքներ» ասելով ի՞նչ է նկատի ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջալինա Փորթերը, քաղաքագետը դժվարանում է մեկնաբանել. «Եթե սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա չի արվում, ապա ապրիորի այդ սահմանագոտին կարելի է նաև համարել վիճելի»:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը պետք է առանձին-առանձին արձագանքեր ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների՝ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի արձագանքին, թե անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան պատրաստ է ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչի մասին երեկ Ազգային ժողովի ամբիոնից խոսել էր վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը։
«Ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով ըստ անհրաժեշտության Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։ Իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ այս թեմայով [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն։ Եվ իհարկե, մենք ուշի-ուշով հետևում ենք այդ իրադարձություններն և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք», - նշել է Փաշինյանը։
Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, թե Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների կոչերն ուղղված Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերելու իր զինված ստորաբաժանումները ՀՀ տարածքից, ըստ քաղաքագետ Մեհրաբյանի, շատ զգուշավոր է։ Բայց հավելում է՝ այս փուլում թեև ակնկալվող արձագանքը հենց այդպես էլ պետք է լիներ։
«Զգուշավոր եմ համարում, որովհետև իրավիճակը բավականին նուրբ է և սխալվելու կամ սխալ ընկալվելու ռիսկերը մեծ են, ստացվում է, որ հաջորդիվ Հայաստանը պետք է նաև կողմնորոշվի մի շատ կարևոր հարցում, այն հարցում, որն առաջարկել է Ֆրանսիան, որ հարցը պետք է տեղափոխվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Սա, կարծում եմ, բավականին ծանրակշիռ քայլ կլինի հայկական դիվանագիտության համար իրավիճակը տարածաշրջանում ինչ-որ առումով բալանսավորելու համար, որպեսզի ՀԱՊԿ-ի քմահաճույքին չթողնենք», - ասաց քաղաքագետը:
Եվրամիությունը ծայրահեղ զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին, Կանադայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածում, որ մտահոգված է հայկական տարածք ներխուժման մասին տեղեկություններով, հետո հայտարարություն է տարածում Պետդեպարտամենտն ակնկալելով, որ Ադրբեջանն անհապաղ ետ կքաշի զորքը, սակայն Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից դատապարտող որևէ հայտարարություն չկա։ Թեև Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի առաջնորդած դաշինքին՝ ՀԱՊԿ-ին՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար, ինչպես նաև առանձին Ռուսաստանին, բայց արձագանք դեռ չկա։
Քաղաքագետն այս ամենից մեծ սպասելիքներ չունի. «Շատ բան սպասել պետք չէ, բայց մյուս կողմից էլ Հայաստանի անդամակցությունը տարիներով այդ կազմակերպությանը էլ որ օրվա համար է, եթե ոչ այսօրվա: Մեծ ակնկալիքներ չունեմ, նաև կարծում եմ, որ չպետք է ունենամ»:
Արտգործնախարարության այսօրվա հայտարարությունում նաև ասված է, որ Հայաստանը վճռական է բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը։ Պաշտոնական Բաքուն, ի դեպ, շարունակում է պնդել, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը, որոնք մինչ այդ անհասանելի էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»: