Հայաստանի ու Ռուսաստանի առաջնորդները երեկ հեռախոսազրույց են ունեցել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության շուրջ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։
Ըստ պաշտոնական Երևանի, Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ՀԱՊԿ-ին դիմելու իր հանձնարարականի մասին։
Նախագահ Պուտինը, ըստ հայկական կողմի, «անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան», և համակարծիք եղել հայկական կողմի հետ, որ «այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»։
Պաշտոնական Կրեմլի տարածած հաղորդագորւթյան մեջ, սակայն, այս մասին որևէ բառ չի ասվում։ Ըստ Ռուսաստանի նախագահական նստավայրի, «Վլադիմիր Պուտինը ընդգծել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների խիստ կատարման անհրաժեշտությունը, նախ և առաջ՝ հրադադարի պահպանման մասով։
Ռուսական կողմը, ըստ Կրեմլի, հաստատել է նաև ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու պատրաստակամությունը, և Երևանի ու Բաքվի միջև սերտ կապերի պահպանումը՝ հանուն տարածաշրջանի կայունության ապահովման։
«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին, կողմ է արտահայտվել կառուցողական երկխոսությանը և փոխգործակցությանը, որպեսզի ծագող բոլոր խնդիրները լուծվեն դիվանագիտական ճանապարհով։ Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտա-լոգիստիկ միջոցների վերականգնման հարցերին», - հաղորդում է Կրեմլը։