Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ընդունվեց ամբողջությամբ

Ազգային ժողովն այսօր 81 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Փոփոխությունների մեծ մասը, սակայն, ուժի մեջ կմտնեն հաջորդ տարվանից և չեն կիրառվի առաջիկա արտահերթ ընտրություններում։

Ընտրական օրենսգրքում ծավալուն փոփոխությունների նախագծի մշակմանը մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է՝ նախագծի բազմաթիվ դրույթներ վերջին պահին առանց քաղաքական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկման հանվել են։

«Ազնվությամբ ասեմ՝ նախագծի ամենավերջնական տեսքն ամբողջությամբ չեմ հասցրել նայել, ես գիտեմ մի շարք կարևոր կարգավորումներ, որ նախագծից դուրս են հանվել առանց քննարկումների: Օրինակ՝ քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված, քարոզարշավի կանոնակարգումների հետ կապված բազմաթիվ կարևորագույն դրույթներ կան, որոնք ուղղակի նախագծից հանվել են: Այս առումով սա խնդրահարույց է», - ընդգծեց Իոաննիսյանը:

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն արտակարգ՝ 24-ժամյա ռեժիմով քննարկելն այն դեպքում, երբ դրա դրույթները հունիսի 20-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին չեն կիրառվելու ընդհանրապես հիմնավորված չէ, կարծում է Իոաննիսյանը։

«Կարելի էր հանգիստ նստել և հանգիստ ռեժիմով քննարկել, նաև անցկացնել խորհրդարանական լսումներ: Ի վերջո մայիսի 10-ին խորհրդարանը չի լուծարվում, խորհրդարանը շարունակելու է գործել մինչև հաջորդ խորհրդարանի գումարումը և կարող էր ընդունել սովորական ռժիմով, այդ թվում՝ քննարկելով բազմաթիվ կարգավորումներ, որոնք կային նախագծի սկզբնական տարբերակում», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը:

Եվրոպայի խորհրդի փորձագիտական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովն այս նախագծին դրական եզրակացություն էր տվել, սակայն, ըստ Իոաննիսյանի, այն փոփոխության է ենթարկվել միջազգային կառույցի դրական գնահատականից հետո։ Առանց համապատասխան քննարկումների նախագիծը փոփոխելու մասին երեկ բարձրաձայնեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, վերջինիս արձագանքեց իշխանական «Իմ քայլից» Համազասպ Դանիելյանը:

«Նախագիծն անընդհատ փոփոխվե է, ու մեր վերջին քննարկումից հետո, երբ Ծաղկաձորում դա տեղի ունեցավ, էլի փոփոխություններ են եղել սրա մեջ: Վերջին տարբերակը, որ արդեն Պետաիրավականում ներկայացվել էր արդեն, էլի փոփոխված էր այն տարբերակից, որ մենք ունեինք: Փաստորեն, այսօր մենք քննարկում ենք մի տարբերակ, որը ոչ մեկի հետ չի քննարկվել, որը որևէ կերպ իր վերջնական տեսքով հանրային քննարկման չի դրվել», - ասաց Գորգիսյանը:

«Երբ որ դուք ասում եք, որ փետրվարից հետո եղած նախագիծը փոխվել է, այո, որովհետև փետրվարին ձեզ ներկայացրած նախագիծը եղել է սևագիր, որի հետ կապված ես մինչև այսօր որևէ գրավոր առաջարկ չեմ ստացել, բանավոր եղել են մտահոգություններ, որոնք ընթացքում փոխվել են, իրար հակասող են եղել», - արձագանքեց Դանիելյանը:

Ընտրական օրենսգիրքը փոխելու և լրացնելու մտադրության մասին իշխանությունների խոսում էին դեռ 2018-ին՝ հեղափոխությունից հետո, բայց այն շրջանառության մեջ դրվեց միայն այս տարվա մարտին։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները վերաբերում են ընտրական անցողիկ շեմերին, քարոզարշավի ընթացքին և այլն: Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոսից իջեցվում է 4-ի, փոխարենը բարձրանում է դաշինքների անցողիկ շեմը՝ դառնալով 8-10, կախված այն հանգամանքից, թե քանի քաղաքական ուժից է կազմված դաշինքը։

Մեկ ամիս առաջ ի սկզբանե հենց այս նախագծում ներառված ռեյտինգային ընտրական համակարգից պարզ համամասնականին անցնելու վերաբերյալ դրույթներն Ազգային ժողովն արդեն ընդունել է ամբողջությամբ․ սա նշանակում է, որ հունիսի 20-ին սպասվող արտահերթին քաղաքացիներն այլևս չեն ընտրի տարածքային թեկնածուների, կքվեարկեն միայն կուսակցությունների կամ դաշինքների օգտին։