Նախագահը չի ստորագրելու «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, բայցև չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ օրենքը քննարկվել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ:
Օրենքի վերաբերյալ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից այն առերևույթ խնդրահարույց չէ: Միևնույն ժամանակ օրենքի վերաբերյալ նախագահն ունի հետևյալ սկզբունքային դիտարկումները.
«Օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:
Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև Ընտրական օրենսգրքի համապարփակ փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ և, ժողովրդավարության սկզբունքներին համաձայն, պետք է իրականացվի լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքները լսելով և հաշվի առնելով: Ընտրակարգին առնչվող կարգավորումները պետք է միտված լինեն ընտրողների շահերը լավագույնս ներկայացնելու տրամաբանությամբ Ազգային ժողով ձևավորելուն:
Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ», - ասված է նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ օրենքով մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը:
«Առանց տարածքային ցուցակների կառուցակարգի համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում, որտեղ կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականացվում է ներկայացված ծրագրերի հիման վրա: Մինչդեռ նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության», - ասված է հայտարարության մեջ: