Մատչելիության հղումներ

Մի շարք կուսակցությունների ղեկավարներ նախագահին են ներկայացրել ԸՕ փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումները


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:

Ըստ նախագահի գրասենյակի՝ նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին Արմեն Սարգսյանին:

Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:

Ազգային ժողովը ապրիլի 1-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Սա նշանակում է, որ ընտրական համակարգից հանվում են տարածքային, այսպես կոչված ռեյտինգային ցուցակները և մնում են միայն պարզ համամասնական ցուցակները, երբ քաղաքացին ընտրում է միայն կուսակցություններին։ ԸՕ փոփոխությունների շուրջ կարծիքները միանշանակ չեն, օրինակ, ըստ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի՝ եթե արտահերթ ընտրություններից առաջ խաղի կանոնները փոխվում են, ապա կասկածի տակ է դրվում խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։

XS
SM
MD
LG