ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ սահմանին տեսնում է 2014-ից ի վեր ռուսական զորքերի ամենամեծ կենտրոնացումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե ռուս-ուկրաինական սահմանին գտնվում են Ռուսաստանի 75 հազար զինվորականներ, և նրանց թիվը դանդաղ է կրճատվում: Բլինքենը համաձայնել է Զելենսկու դիրքորոշման հետ՝ նշելով, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ սահմանին տեսնում է 2014 թվականից ի վեր ռուսական զորքերի ամենամեծ կենտրոնացումը:

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը զգալի քանակությամբ տեխնիկա է պահպանում Ուկրաինայի հետ սահմանին, ուստի «հնարավորություն ունի բավական կարճ ժամանակում ագրեսիվ գործել, եթե որոշի դա անել»:

Մարտի վերջից Ռուսաստանն ավելացրել է ռազմական ներկայությունը Ուկրաինայի հետ սահմանին։ Ի սկզբանե ուկրաինական իշխանությունները սահմանի մոտ ռուսական զինված ուժերի թվաքանակը գնահատել են 80 հազար մարդ։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սահմանին ռուս զինվորականների տեղակայումը կապված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկրների զորավարժությունների հետ: Ապրիլի 22-ին Ղրիմում ռուսական զորքերի զորավարժություններ են անցկացվել։ Դրանից հետո Շոյգուն հանձնարարել է զորքերը վերադարձնել մշտական տեղակայման վայրեր։

Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր սրման և Դոնբասում գնդակոծությունների ուժեղացման ֆոնին` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկօրյա այցով գտնվում է Կիևում:

«Ես այստեղ եմ շատ պարզ պատճառով. նախագահ Ջո Բայդենի անունից հստակ հավաստիացնում եմ մեր աջակցությունը երկկողմ գործընկերությանը, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը», - հայտարարել է այսօր Բլինքենը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ կայացած հանդիպմանը:

Երեկ` մայիսի 5-ին, Էնթոնի Բլինքենը Թվիթերում գրել էր, որ այցը Կիև հնարավորություն կտա քննարկել շարունակվող ռուսական ագրեսիան և կընդգծի բարեփոխումների տեմպերի պահպանման և ուկրաինացի գործընկերների հետ դրանց վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը: Միացյալ Նահանգները երկար ժամանակ ընդգծում է Կիևի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ընդունման կարևորությունը:

Վլադիմիր Զելենսկին պետքարտուղարի այցի նախօրեին հայտարարել էր, որ ակնկալում է հստակ ազդանշան, որ Վաշինգտոնն աջակցում է ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի մտադրությանը: Կիևը նաև ակնկալում է հավելյալ ռազմական օգնություն Միացյալ Նահանգներից: Ամերիկյան կողմի տվյալներով` 2014-ից սկսած Վաշինգտոնը Կիևին է տրամադրել շուրջ 4.6 միլիարդի ռազմական օգնություն: Վաշինգտոնի և Կիևի միջև ռազմական գործընկերության մասին հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակել է Պետդեպարտամենտը, ՆԱՏՕ-ի նկատմամբ Ուկրաինայի պլանների մասին չի հիշատակվում, սակայն ասվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հետևել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի հնարավոր «ագրեսիվ գործողությունների և հռետորաբանության» հետ կապված իրավիճակին: