Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը հուսով է, որ Դոնբասում ռազմական գործողություններ չեն վերկսվի:
«Մենք հուսով ենք, որ խոհեմությունը կհաղթի, և Ուկրաինայի հարավարևելյան շրջանում ռազմական գործողությունների վերսկսում չի լինի»,- ասել է Պեսկովը, նշելով, որ այսօրվա դրությամբ «լարվածությունը Դոնբասում նորմայից բարձր է»:
Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն է տրամադրում Ուկրաինային, ինչը «ձեռնտու է սադրիչ դիրքորոշում որդեգրած Ուկրաինայի զինուժին»:
Պեսկովի խոսքով՝ լարվածությունը շարունակվում է նաև այն պատճառով, որ «Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում»:
«Երբ այս իրավիճակում Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինծառայողներ են հայտնվում, դա անվանում են «զորավարժանք», երբ Ռուսաստանն իր սեփական տարածքում է զորավարժություններ անցկացնում, դա անվանում են ռուսական ագրեսիա», - ասել է Պեսկովը: