Էրդողանը կոչ է արել Բայդենին ետ կանգնել «սխալ քայլից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել անհապաղ հետ կանչել իր հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում 1915 թ.-ին հայերի կոտորածները ցեղասպանություն են, ինչը, նրա կարծիքով, խոչընդոտում է երկկողմ հարաբերություններին:

«Ռոյթերսի» հաղորդմամբ` Բայդենի պատմական քայլը վրդովեցրել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային, որը հայտարարում է` դա «խորը վերք» է բացել արդեն իսկ մի շարք հարցերի պատճառով լարված հարաբերությունների մեջ:

Բայդենի հայտարարությունից հետո իր առաջին մեկնաբանությունում Էրդողանն ասել է, որ այս «սխալ քայլը» կխանգարի երկկողմանի կապերին և խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին «հայելու մեջ նայել»՝ հավելելով, որ Թուրքիան դեռևս ձգտում է «բարիդրացիական» կապեր հաստատել Հայաստանի հետ:

«ԱՄՆ նախագահն անհիմն, անարդար և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ է արել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած տխուր իրադարձությունների վերաբերյալ», - շեշտել է Էրդողանը կառավարության նիստից հետո` կրկնելով թուրք և հայ պատմաբաններին ուղղված համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչը` հետաքննելու համար իրադարձությունները:

«Հուսով եմ, որ ԱՄՆ նախագահը հնարավորինս շուտ ետ կդառնա այս սխալ քայլից», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը: