Ինչպես Բայդենը կատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը․ մանրամասնում է Politico-ն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, արխիվ

«Ինչպես Բայդենը կատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը՝ մի խոստում, որ ժամանակին դրժել էր Օբաման»․ - ամերիկյան Politico հանդեսը նման խորագրի ներքո մի հոդված է հրապարակել, որում, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, մի շարք մանրամասներ է ներկայացրել Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին նախորդած իրադարձությունների վերաբերյալ։

Politico-ի տեղեկություններով` 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Բայդենի թիմակիցները երկու անգամ հանդիպել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հին վարչակազմից նորին իշխանության փոխանցման ժամանակահատվածում, երկրորդը՝ արդեն Բայդենի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց։

«Երկրորդ հանդիպման ընթացքում պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը մասնակիորեն անդրադարձել է նաև Ցեղասպանության խնդրին, սակայն խուսափել [դրա ճանաչման] հստակ խոստում հնչեցնելուց», - գրում է ամերիկյան պարբերականը՝հ իշեցնելով, որ տասնամյակների ընթացքում ամերիկահայերն այս հարցում բազմաթիվ անգամներ հուսախաբ են եղել։

Ամենաթարմ օրինակը 2009 թվականին էր, երբ նախագահ Բարաք Օբաման, չնայած քարոզարշավի ընթացքում հնչեցրած կոչերին, որոշեց չարտաբերել «ցեղասպանություն» բառը։ Politico-ի տեղեկություններով՝ Օբամայի այդ որոշման մասին Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին տեղեկացրել էր այն ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջոզեֆ Բայդենը, նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից Վաշինգտոնի հրաժարման դիմաց Թուրքիան խոստացել էր բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։

Այն ժամանակ, սակայն, ըստ ամերիկյան պարբերականի, Բայդենի շրջապատում այս որոշումը մեծ ոգևորություն չէր առաջացրել։ «Այդ հարցում մենք սխալ էինք», - Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ զրույցում ասել էր Սպիտակ տանը ազգային անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնյաներից մեկը։ Այդ պաշտոնյան ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր, որը 2009-ին զբաղեցնում էր փոխնախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։

Ինքը Բայդենը նախագահական ընտրարշավ մուտք գործելուց հետո ցեղասպանության թեմային անդրադարձել էր 2019 թվականին՝ Բոստոնում կազմակերպված դրամահավաք- ճաշկերույթի ժամանակ։ Politico-ի զրուցակիցներից մեկը՝ Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը պատմել է, որ Բայդենն այդ օրը մոտեցել է իրեն և ուղղակիորեն ասել․ - «Իհարկե դա ցեղասպանություն էր»։

Politico-ն հատուկ ընդգծում է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի առանց այդ էլ սառը հարաբերությունները ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար ավելի լայն հնարավորություն ստեղծեցին։ «Մինչ այդ Բայդենն արդեն իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանին ավտորիտար ղեկավար էր անվանել, անցած տարի էլ Միացյալ Նահանգները Անկարայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ ռուսաստանյան արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար», - հիշեցնում է Politico-ն: