ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փորձել է մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա` գերիների վերադարձի համար

Մեր պատվիրակությունն իր առջև դրված խնդիրը կատարել է` շարունակելով մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, խորհրդարանում հրավիրված ասուլիսին այսօր հայտարարեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտադիտարկման կոմիտեն անցած ուրբաթ հայտարարություն էր տարածել` կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերեվարվածներին ու հարգել մշակութային ժառանգությունը:

«Կա մի ակնհայտ բան` Ադրբեջանն իրեն պահում է ծայրահեղ ապակառուցողական և խախտում է և եռակողմ հայտարարությունը, և միջազգային հումանիտար իրավունքը` չվերադարձնելով մեր ռազմագերիներին, և միակ ճանապարհը մեր տղաների վերադարձին հասնելու միջազգային ճնշման մեծացումն է: Միջազգային ճնշում ասելով նկատի ունեմ մի լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ քայլով կամ երկու քայլով, կամ քայլերով մի տեղում, դա համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա բոլոր հնարավոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկկողմ հարաբերություններում, և ես վստահ եմ, որ մեզ ի վերջո կհաջողվի հասնել մեր նպատակին»:

Պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարևորեց խորհրդարանական դիվանագիտության հարթակներն օգտագործելը: Պատասխանեց քննադատություններին, որ չնայած հայտարարությանը, հայ ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանում. «Իսկապես դա շարունակական գործընթաց է, շատ հաճած հարցնում են` լավ, ի՞նչ օգոտ տվեց, արդյոք վերադարձան: Վերադարձի համար այդ քայլերը պետք է լինեն իսկապես համառ, ու ե սմիշտ նշում եմ` պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Ալիևի համար դառնա իսկական գլխացավանք մեր գերիներին օր ավելի Բաքվում պահելը»:

Պատվիրակության ընդդիմադիր անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խոսեց ԵԽԽՎ իր ելույթի մասին, որտեղ անդրադարձել էր Բաքվում բացված ռազմական ավարների «պուրակին»՝ ցուցադրելով նաև լուսանկարներ: Մարուքյանի խոսքով` ադրբեջանցի պատվիրակները պուրակի թեմայից խուսափում էին, սակայն ելույթից հետո իրեն է մոտեցել ԵԽԽՎ պատվիրակ, ավստրիացի Ստեփան Շենախը և նայել լուսանկարները. «Ըստ էության, Իլհամ Ալիևը, այդ «պուրակը» բացելով, օգնեց մեզ, որ մենք ցույց տանք ավելի ցցուն փաստերով, թե ինչ ռեժիմի հետ գործ ունենք էլի, ինչ ահաբեկչական խմբավորման հետ մենք գործ ունենք, ու ում մոտ ոչ միայն կան մեր զինվորների սաղավարտները, այլև մեր զինվորները, կենդանի զինվորները, հետևաբար պետք է օր առաջ մեր զինվորները վերադարձվեն այնտեղից, այսինքն` այդ փաստարկները այս ձևով մենք սկսեցինք զարգացնել, որ մի բան է, որ այդպես վառված տանկ ունեք, այդտեղ կանգնացնում եք, դրա վրա ուրախանում եք կամ ինչ-որ մուլյաժ եք սարքել զինվորի, այդ մուլյաժը ծաղրում եք, բայց մեկ այլ բան է, որ իրական զինվորներ ունեք ձեր բանտերում: Եվ այդ հարցը չի քննարկվում, երբ կփոխանցեք, կամ կփոխանցեք, թե չեք փոխանցի, այդ դեբատի ժամանակ հարցն այսպես է` պետք է փոխանցեք ու արագ»:

Ապրիլի 19-20-ն էլ կայացել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի առցանց լիագումար նիստը, որին մասնակցած հայկական պատվիրակության անդամները ևս այսօր մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ եվրոպացի մի շարք պատգամավորներ ելույթներ են ունեցել և հայտարարել, որ Ադրբեջանը պետք է կատարի ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր պարտավորությունները։