Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում Բաքվից պահանջեցին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին


ԵԽԽՎ նիստերից մեկը, արխիվ
ԵԽԽՎ նիստերից մեկը, արխիվ

Հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽԽՎ-ում երեկ երեկոյան կայացած քննարկման ժամանակ ելույթ ունեցած վեհաժողովի բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնող երեք պատգամավորների, պահանջեցին պաշտոնական Բաքվից՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, այլ ձերբակալված անձանց։

Ուշագրավ է, որ քննարկման ժամանակ Ռուսաստանի որևէ պատվիրակ այդպես էլ ելույթ չունեցավ, չնայած երեկ, «Ազատության» հետ զրույցում, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասել էր, թե խորհրդարանական վեհաժողովում ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի հետ զրույցի ժամանակ ռուսաստանցին հավաստիացրել է, որ Ռուսաստանի պատվիրակության անդամները համապատասխան ելույթներով կվերահաստատեն իրենց դիրքորոշումը, ըստ որի, հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն։

Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ում ապրիլի 19-ին կայացած քվեարկության ժամանակ ռուսաստանյան պատվիրակության 12 անդամներից 5-ը դեմ, իսկ 7-ն էլ ձեռնպահ են եղել, որպեսզի ԵԽԽՎ այս նստաշրջանում քննարկվի հայ ռազմագերիների հարցը։

Երեկ երեկոյան հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԵԽԽՎ 14 պատգամավորներ և բացառությամբ 3-ի, 11-ը կոչ արեցին Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին, որոնց թիվն, ըստ ելույթ ունեցողների, մոտ 200 է։

Պորտուգալիան ներկայացնող Պաուլո Պիսկոն ուշագրավ հայտարարություն արեց՝ Թուրքիան ու Ռուսաստանը պատերազմի ժամանակ գործընկերներ էին, իսկ ո՞ւր են հիմա․ - «Այս ֆորումի շրջանակում պետք է պնդենք, որ բոլոր հայ ռազմագերիներն ազատ արձակվեն, այս հարցը պետք է լուծվի արդարության սկզբունքի հիման վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտականությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի համատեղ հայտարարությունում։ Այդ հայտարարության 8-րդ կետում ասված է, որ բոլոր կողմերը պետք է փոխանակեն ռազմագերիներին ու այլ ձերբակալված անձանց, պետք է փոխանակեն զոհվածների դիակները։ Հայաստանը կատարել է համաձայնության իր մասն՝ ազատ է արձակել բոլոր ռազմագերիներին, սակայն Ադրբեջանն առայսօր չի լուծում այդ խնդիրը, իսկ այժմ ո՞ւր են Թուրքիան ու Ռուսաստանը, ի՞նչ է, նրան միայն պատերազմի՞ գործընկերներ են, ոչ թե խաղաղության հաստատմա՞ն գործընկերներ»։

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հիշատակեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանում արված հայտարարությունները։ «Ձեզ երբևէ շուն անվանե՞լ են, ինձ և իմ հայրենակիցներին անվանել են․ մի քանի ամիս առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևն ասաց, որ իրենք «հայերին շան պես քշել են»։ Ձեզ երբևէ հոգեկան հիվանդ անվանե՞լ են, ինձ և իմ հայրենակիցներին անվանել են․ մոտ մեկ շաբաթ առաջ էր, երբ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևը հրապարակավ ասաց, որ «հայ հասարակությունը հոգեկան հիվանդ է և բժիշկների կարիք ունի»։ Երբևէ տեսե՞լ եք, որ ձեր ժողովրդի կրոնական հուշարձանները ոչնչացվեն գրեթե ուղիղ եթերում։ Ես դա տեսնում եմ գրեթե ամեն ամիս, երբ նորանոր հաղորդագրություններ են գալիս այն տարածքներից, որոնք այժմ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, որտեղ ոչնչացվում են հայկական եկեղեցիները։ Այո՛, սա իրական կյանք է և, հարգելի գործընկերներ, Ադրբեջանն արել է մի բան, ինչը վերջին մոտ 80 տարվա ընթացքում Եվրոպայի ոչ մի երկիր չի արել։ Նրանք ինստիտուցիոնալիզացրել են ատելությունը հայերի նկատմամբ»։

Ադրբեջանը ներկայացնող Ռաֆայել Հուսեյնովը պնդեց, թե Բաքուն կատարել է անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները․ - «Հանցագործները, որոնք ռազմական գործողություններ ու սադրանքներ են սկսել պատերազմից հետո, չեն կարող համարվել ռազմագերիներ։ Կա միջազգային իրավունք, կոնվենցիաներ և մեր որոշումներն ու դիրքորոշումները պետք է հիմնվեն իրավական նորմերի վրա։ Միջազգային իրավունքի նորմերը նման մարդկանց բնորոշում են կամ որպես ռազմական հանցագործներ, կամ, որն ավելի հստակ է, ահաբեկիչներ։ Բոլոր ձերբակալվածները Հայաստանի Շիրակի մարզից են, հավաքագրվել էին՝ ծառայելու Հայաստանի զինված ուժերում և ուղարկվել էին Ադրբեջան, որպեսզի ահաբեկչական գործողություններ իրականացնեն ադրբեջանական զինվորականների ու խաղաղ բնակչության նկատմամբ։ Նրանց Ադրբեջան են ուղարկել նոյեմբերի 26-ից սկսած, այսինքն՝ զինադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո»։

XS
SM
MD
LG