Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատի նախագահը կարևորել է հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը


Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն այսօր կարևորեց Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Լարշեն ընդգծեց` Ադրբեջանը նման պարտավորություն ունի նաև իր կողմից ստորագրած միջազգային համաձայնագրերով։

Վերջինս հիշեցրեց նաև, որ այս շաբաթ ԵԽԽՎ նիստում, երբ քննարկում էր ռազմագերիների հարցը, Սենատի անդամներից մեկը հանդես եկավ ելույթով՝ շեշտելով հարցի հրատապությունը։

«Մենք մտածում ենք բոլոր զոհվածների, վիրավորների, գերիների մասին, որովհետև դա անձնական ողբերգություններ չէ, հավաքական է: Մենք վստահություն ենք տածում նաև, պարո՛ն նախագահ, Հայաստանի ժողովրդավարության հանդեպ, որը ձեզ առանձնահատուկ տեղ է հատկացնում այս տարածաշրջանում: Ժողովրդավարություն, որը մեծ փորձությունների ենթարկվեց, ոտնահարվեց, բայց այնուամենայնիվ, դուք շարունակում եք կանգնած մնալ: Մենք վստահ ենք նաև հայ ժողովրդի անկախության ոգու նկատմամբ և նրա ազատատենչ բնույթի համար: Ազատատենչություն, որը արտահայտվել է նաև հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների կողմից, որոնք մեր կողքին էին այն պահին, երբ Ֆրանսիան կարիք ուներ ոտքի կանգնելու և ազատությունը վերագտնելու», - նշեց Լարշեն:

Այսօր Սենատի նախագահին հարցրինք թե ինչ գործուն քայլեր է ձեռնարկում Ֆրանսիան որպես ԵԱՀԿ անդամ պետություն և Սենատը մասնավորապես Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար:

«Անհրաժեշտություն կա նոր թափ հաղորդել Մինսկի խմբի համանախագահությանը։ Ուրբաթ օրը նախքան Հայաստան ժամանելը ես հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահին, այցից հետո ևս հանդիպում ունենալու եմ այս հանդիպման շեշտադրումները փոխանցելու եմ իրեն։ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵՄ նախագահությունը ստանձնելու է Ֆրանսիան», - պատասխանեց նա:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ Ֆրանսիան առաջին պետությունն էր, որ օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. «Խորհրդանշական է, որ Սենատի նախագահ Լարշեի պատվիրակության այցը Հայաստան տեղի է ունենում Արցախի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ սանձազերծած ագրեսիայի, պատերազմից հետո, որը հանգեցրեց հսկայական մարդկային կորուստների և առաջ բերեց հումանիտար ծանր հետևանքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Ուստի այս այցը մենք գնահատում ենք որպես համերաշխության և աջակցության հստակ ուղերձ մեր բարեկամ Ֆրանսիայի կողմից նաև այս համատեքստում»:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ նաև ծառատունկի ավանդական արարողություն։

XS
SM
MD
LG