Մատչելիության հղումներ

Մեր համար մեկ խնդիրը միջազգային քաղաքական ճնշումը Ադրբեջանի վրա մեծացնելն է․ Ռուբինյան


ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբենյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբենյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին:

Հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ)՝ մոնիտորինգի հանձնաժողովը նաև թիվ է նշում՝ Ադրբեջանում պահով հայերը ենթադրաբար 188-ն են։

«Ադրբեջանցի պատվիրակները ամեն կերպ փորձում էին վիժեցնել, այսինքն՝ չթողնել, որպեսզի ընդունվի այդ հայտարարության տեքստը։ Բայց գերակշիռ մեծամասնությամ քվեարկությամբ այդ հայտարարությունը ընդունվեց։ Հայտարարության հիմնական կետերը հետևյալներն են․ որ հայ գերեվարվածները պետք է անհապաղ վերադարձվեն, ինչպես դա նախանշված է եռակողմ հայտարարության մեջ, հղում է արված նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառած միջանկյալ միջոցին և դրա հետ կապված մտահոգություններին, նաև նշում կա այն մասին, որ մշակութային ժառանգությունը նույնպես պետք է պահպանվի», - «Ազատությանը» փոխանցեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նա լիահույս է, որ Ադրբեջանի վրա այս ճնշումը արագ արդյունքներ կտա։ Միևնույն ժամանակ Ռուբինյանը նշում է, որ ԵԽԽՎ հայտարարություններն ու բանաձևերը քաղաքական են և իրավական ուժ չունեն․ - «Բայց ունեն քաղաքական ուժ, և մեր համար մեկ խնդիրն է՝ մեծացնել միջազգային քաղաքական ճնշումը Ադրբերջանի վրա բոլոր ուղղություններով։ Սա այդ համատեքստում քայլերից մեկն է, և ես վստահ եմ, որ այսպես շարունակելու դեպքում, ճնշումը հետևողականորեն մեծացնելու դեպքում կհասնենք մեր ցանկալի հարգրվանին»։

Թևան Պողոսյան
Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ասում է, որ հայ գերիների վերադարձի երկու ճանապարհ կա՝ նույնաթիվ գերիների էլ պետք է հայկական կողմն ունենա ու փոխանակման առաջարկ անի, կամ Ադրբեջանի նկատմամբ իրական ճնշումներ գործադրվեն։ Նախկին պատգամավորը, ով ժամանակին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներից էր, կարծում է, որ վեհաժողովը այս հարցը բարձրացնելու հարթակը չէ. – «Եթե հայկական դիվանագիտությունը կարողանա ԵԽԽՎ-ի այս երկու օրվա ընթացքում քննարկումները և դրանից հետո մոնիտորինգի հանձնաժողովի ամրագրումը օգտագործել այլ ինստիտուտներում, օրինակ՝ տարբեր ֆինանսական միջազգային ինստիտուտներում, որոնք պատժամիջոցներ կարող է կիրառել Ադրբեջանի վրա։ Կամ օգտագործի այնպիսի ինստիտուտում, ինչպիսին ՄԱԿ-ն է, որը նաև Անվտանգության խորհրդի իմաստով կարողանա ինչ-որ հատուկ բանաձև ընդունի։ Միգուցե այդպիսի ճանապարհը շատ կարևոր կլինի, բայց, ցավոք սրտի, մենք պետք է գիտակցենք, որ սա ունի ռազմավարություն, և քայլերի հերթականությունը լինելու է։ Պարզապես չդառնա, որ ԵԽԽՎ-ում մի անգամ մի բանի հասել ենք, ինչ-որ արձանագրում է եղել, դե լավ է․․․»

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի հայտարարությունը դիտարկում է որպես Արևմուտքի կողմից ուղերձ Ռուսաստանին։ Այսպիսով, ասում է, Արևմուտքը հայտ է ներկայացնում, որ եթե Արցախյան հարցում փաստացի միակ միջնորդ Ռուսաստանը չի կարողանում շատ հարցեր կարգավորել ապա կարիք կլինի այլ ֆորմատների ձևավորման։

Հովսեփ Խուրշադյան
Հովսեփ Խուրշադյան

Խուրշուդյանի կարծիքով, Բաքուն իր քայլերով ևս նպաստում է Ռուսաստանի դերի արժեզրկմանը․ - «Սա այն ալիքի մի մասն է, որը ճնշում է Ռուսաստանին՝ ստիպելով կա՛մ քայլեր ձեռնարկել, կա՛մ, եթե չի կարողանում, ընդունել Մինսկի խմբի շատ ավելի մեծ դերակատարումը էս ամեն ինչում։ Եվ նույնիսկ հարց կառաջանա 4-4,5 տարի հետո ռուսական զորքերը օրինակ միջազգային խաղաղապահներով փոխարինել։ Եթե էսպես շարունակվի, եթե Ռուսաստանը ցույց տա, որ հումանիտար աղետի հետևանքները ոչ միայն չի կարողանում վերացնել, այլ նույնիսկ չի կարողանում կանխել շարունակությունը այս հումանիտար աղետի, որի մաս է նաև գերիների պահելը Ադրբեջանի կողմից»։

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանը բոլորին չի վերադարձրել։ Ավելին՝ պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հայտարարել է, որ նրանց ոչ թե ռազմագերի, այլ հանցագործ է համարում։

Հայ գերիների հարցը քննարկել է նաև ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 20-ի նիստում։ Ելույթ ունեցած բոլոր պատվիրակները, բացառությամբ Ադրբեջանն ու Թուրքիան ներկայացնողների, պաշտոնական Բաքվից պահանջել են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու այլ ձերբակալված անձանց։

XS
SM
MD
LG