Ֆրանսիայի Սենատի նախագահ. Մենք ցանկանում ենք անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով 

Ֆրանսիան ցանկանում է անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով՝ այսօր Երևանում՝ հանրապետության նախագահի նստավայրում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն։

«Մենք ցանկանում ենք անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով, անցնել քաղաքական բանակցությունների ճանապարհով, որը կհանգեցնի տևական և կայուն խաղաղության»,- հայտարարեց Լարշեն։

Հիշեցնենք, անցած տարվա նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևը՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Մոտ մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 3-ին նմանատիպ բանաձև ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը։

«Նախևառաջ, մեր բանաձևը, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մի լծակ է, որով արդեն քաղաքական քննարկումներ են տեղի ունենում։ Սա հնարավորություն է հասնելու կայուն խաղաղության։ Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության սահմանադրությամբ նախատեսված է, որ գործադիր իշխանությունը՝ հանրապետության նախագահը, կառավարությունն են վարում երկրի արտաքին քաղաքականությունը, և նրանց է պատկանում այդ որոշումը կայացնելը։ Իհարկե, ո՛չ Սենատը, ո՛չ Ազգային ժողովը մի կողմ քաշված չեն մնա այս հարցում։ Բայց մենք կարծում ենք, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համապատասխան պատասխանատվություն է կրում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին և այս շրջանակում է մեր բանաձևը, որ նախ ընդունվեց Սենատում, հետո՝ Ազգային ժողովում։ Մենք ցանկանում ենք դրան հաղորդակից դարձնել Եվրոպական խորհրդարանին ու եվրոպական այլ երկրների խորհրդարաններին, և սա ճանապարհ է հարթում», - ասել է Ֆրանսիայի Սենատի նախագահը։

Հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Ժերար Լարշեին պարգևատրեց Պատվո շքանշանով։