Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ողջունում են ԸՕ փոփոխությունները, անհրաժեշտ են համարում հետագա բարելավումները

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) այսօր հրատապ համատեղ կարծիք են հրապարակել Հայաստանի Ընտրական օրենսգրքում և հարակից օրենսդրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Եվրոպական կառույցները ողջունում են նախաձեռնվող փոփոխությունները, միևնույն ժամանակ անհրաժեշտ համարում հետագա բարելավումները։

«Վենետիկի հանձնաժողովը և ԺՀՄԻԳ-ը գոհունակությամբ նշում են, որ բարեփոխումն կատարվել է տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի հետ լայն խորհրդակցությունների միջոցով և տեղի է ունեցել պատշաճ ժամկետում` ապահովելով փոփոխությունների հնարավորինս լայն աջակցությունը», - ասված է փաստաթղթում:

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը, միևնույն ժամանակ, նկատել են, որ Ընտրական օրենսգրքի որոշ փոփոխությունները կիրառվելու են առաջիկա արտահերթ ընտրություններին։ Այդ է պատճառը, որ համատեղ կարծիքում շեշտում են՝ ընտրություններից առաջ այդքան մոտ տեղի ունեցող ցանկացած օրենսդրական փոփոխությունից պետք է սկզբունքորեն խուսափել, քանի որ դա անորոշության է հանգեցնում․ - «Բացի այդ, հասարակությունը և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է սեղմ ժամանակահատվածում հարմարվեն նոր կանոններին»:

Փորձագետները նկատի ունեն Ազգային ժողովի կողմից վերջերս Ընտրական օրեսնգրքում ընդունված այն փոփոխությունը, որը վերաբերում է տարածքային ցուցակների վերացմանը․ քաղաքացիները հունիսի 20-ին սպասվող ընտրություններում կընտրեն միայն կուսակցություններին։

Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաթեթի մյուս փոփոխությունները, եթե անգամ մինչև ընտրությունները ընդունվեն, հունիսի 20-ին, ըստ իշխող ուժի ներկայացուցիչների, հավանաբար չեն կիրառվի։

Եվրոպական երկու կառույցների կարծիքով, համամասնական ընտրակարգի պարզեցումը լայն աջակցություն ունի քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության կողմից: Նկատենք, մինչդեռ, որ նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթ չէր ստորագրել, բայց և Սահմանադրական դատարան չէր ուղարկել Ընտրականից ռեյտինգային ցուցակները վերացնող օրենքը՝ ըստ էության նաև այն հիմնավորմամբ, թե առաջարկվող փոփոխությունները ողջամիտ ժամկետում չեն իրականացվել, լայն հանրային, հասարակական, քաղաքական քննարկումներ չեն անցկացվել։

Ընդդիմադիրները, հիշեցնենք, չէին մասնակցել քվեարկությանը․ «Լուսավոր Հայաստանը» քննադատել էր փոփոխությունը, «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել էր, թե իրենց համար միևնույն է ինչ ընտրակարգով կանցկացվեն առաջիկա ընտրությունները։

Ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի համահեղինակ, իշխող «Իմ քայլից» պատգամավոր Համազասպ Դանիելյանը հույս է հայտնում, որ առաջիկա նիստերի օրակարգում իրենք Ընտրական օրենսգրքի արդեն ամբողջական փաթեթի հղկված տարբերակը կքննարկեն։ Այս անգամ էլ դրա ընդունումից հետո նախագահականից այլ կարծիք կստանան։

Նա նշեց, որ թեև նախապես հայտարարել էին, որ եկող շաբաթ այդ փաթեթը Ազգային ժողով կներկայացնեն, սակայն հիմա հավանական չեն համարում` պատճառները մի քանիսն են․ - «Տեխնիկական պատճառներով կարող ա եկող շաբաթ չհասցնենք։ Տեխնիկական պատճառները կապված են թե՛ էդ առաջարկությունների մի մասը փոփոխությունների փաթեթում ներառելու հետ և թե՛ էն հանգամանքի հետ, որ հաջորդ շաբաթ Ազգային ժողովում լինելու են հանձնաժողովների նիստեր, և հետևաբար արտահերթ նիստ գումարելու հնարավորությունը էապես նվազում է։ Բացի այդ, նաև անպայման ցանկություն կա խորհրդարանական լսումներ իրականացնել նախքան փաթեթի ընդունումը»։

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միևնույն ժամանակ դիտարկումներ են ներկայացրել փաթեթի կոնկրետ դրույթների վերաբերյալ, մասնավորապես առաջարկում են հեղինակներին վերանայել ընտրական շեմերին վերաբերող դրույթները, որոնք եվրոպական կառույցների համահունչ չեն թվում։ Առաջարկվող տարբերակով, մասնավորապես փոխվելու է անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5-ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչև 8։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Վենետիկի հանձնաժողովը նաև առաջիկա ընտրությունների համար նաև խորհուրդ են տալիս արտակարգ իրավիճակներում, ներառյալ համաճարակային ժամանակահատվածում ընտրություններ անցկացնելու համար նախօրոք հատուկ միջոցառումներ նախատեսել օրենքում կամ ենթաօրենսդրական ակտերում։