Կիրառվող բոլոր պատվաստանյութերն էլ գրեթե 100 տոկոսով պաշտպանում են ծանր դեպքերից և կանխարգելում են մահացությունը, ասում է մասնագետը

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը համաձայն է, որ ներկայումս Հայաստանում, ուր նոր են սկսվել կորոնավիրուսի դեմ պատվաստումները, քչերն են ցանկանում պատվաստվել: Միաժամանակ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ նկատում է` բոլոր տեղերում էլ սկիզբն այդպես է լինում, հույս է հայտնում, որ ընթացքը կարագանա: Նա ասաց նաև, որ առողջապահական գերատեսչությունը արշավ է սկսելու` իրազեկման նպատակով:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Սկիզբը բոլոր երկրներում դանդաղ է ընթանում

Վարդուհի Պետրոսյանն ասում է` լայնամասշտաբ պատվաստումների աշխատանքները նոր են սկսվել, և ամեն տեղ էլ սկիզբը դանդաղ է լինում: Միաժամանակ համաձայնում է, որ Հայաստանում մի քանի օր առաջ սկսած պատվաստումներից հետո դեռ շատ քիչ թվով մարդիկ են պատվաստվել. «Մարդիկ սովորաբար նայում են իրար, և եթե իրենց շրջապատում մի քանի հոգի գնում են, արդեն իրենք էլ են դիմում պատվաստման»: Հույս ունի, որ ընթացքում կարագանա այս գործընթացը: Նա ասաց, որ Առողջապահության նախարարությունը լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսելու այդ ուղղությամբ:

Բանախոսը նշեց, որ բոլոր երկրներում էլ կան տարբեր կարծիքներ պատվաստումների վերաբերյալ առհասարակ, որովհետև նախ ոչ բավարար են գիտելքները լինում, երբ մարդիկ մտածում են, որ պատվաստումից կարող է ավելի վատ հետևանքներ լինեն, քան հիվանդանալուց, բացի այդ, ըստ նրա, շատացել են հակապատվաստումային շարժումները:

Մասնագետը հիշեցրեց, որ Հայաստանում գրանցված դեպքերի 2 տոկոսի դեպքում մահ է գրանցվում:

Աշխարհում բոլոր պատվաստանյութերի կարիքը շատ մեծ է

Բոլոր պատվաստանյութերը, որ գոյություն ունեն ներկայումս ու օգտագործվում են, համարյա 100 տոկոսով պաշտպանում են ծանր դեպքերից և կանխարգելում են մահացությունը, ասում է Պետրոսյանը: «Եթե նույնիսկ լինում են ծայրահեղ հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտներ, դրանց հաճախականությունը մենք չենք կարող համեմատել այն մահվան հաճախականության հետ, որը տեղի է ունենում քովիդի պատճառով», - նշեց նա:

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր` աշխարհում որ պատվաստանյութի պահանջարկը կա, որով են պատվաստվել ամենաշատը:

«Աշխարհում բոլոր պատվաստանյութերի կարիքը շատ մեծ է, երկրները, կոպիտ ասած, պատերազմի մեջ են, թե ինչպես կարող են ձեռք բերել հնարավորինս շատ քանակով պատվաստանյութերից, որ իրենց բնակչությանը կարողանան ապահովել: AstraZeneca-ի և Pfizer-ի պատվաստանյութերը ամենատարածվածն են այսօր աշխարհում, հասնում են հարյուրավոր միլիոնավոր դոզաների օգտագործման», - պատասխանեց բանախոսը:

AstraZeneca-ի մասին

Բրիտանա-շվեդական Astrazeneca պատվաստանյութն ու ռուսական Sputnik V-ն է ստացել Հայաստանը: Առաջինի կիրառման հետ կապված եվրոպական մի շարք երկրներում դադար եղավ: Վրաստանում էլ մահացավ COVID-19-ի դեմ պատվաստումից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված բուժքույրը։ 27-ամյա Մեգի Բաքրաձեի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր AstraZeneca պատվաստանյութով սրսկվելուց անմիջապես հետո։

Հանրային առողջապահության մասնագետն ասում է` նորմալ է, որ տարբեր երկրներ բարձրաձայնում են պատվաստումներից հետո առաջացած կողմնակի ազդեցություններ մասին:

«Երբ որ նույնիսկ ամեն մի դեպք գրանցում է գտնում, դա նշանակում է, որ համակարգը ճիշտ է աշխատում, այնքան զգուշավոր են մոտենում պատվաստման խնդիրներին այս երկրներում, որ ամեն մի դեպք ուսումնասիրվում է, այնքան թափանցիկ են աշխատում, ամեն մի կողմնակից էֆեկտ գրանցվում է, և այդ զգուշավորության պատճառով է, որ որոշ եվրոպական երկրներ ժամանակավոր դադար տվեցին, քանի որ մակարդելիության որոշակի դեպքեր էին գրանցվել: Բայց ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընդհանուր մակարդելիության վրա ինքն ազդեցություն չի թողնում

Մի շատ խիստ հազվադեպ հանդիպող կողմնակի էֆեկտ են նկատել հատկապես երիտասարդ կանանց մոտ, երիտասարդ կանանց մոտ ուղեղային երակներում կարող էին լինել մակարդուկներ, որը ուղեկցվում էր նաև տրոմբոցիտների քանակի խիստ նվազմամբ, բայց սա խիստ հազվադեպ հանդիպող երևույթ է, հիմնականում գրանցված դեպքերի մեծ մասը եղել են 55 տարեկանից ցածր կանայք, և այդ պատճառով է, որ որոշ երկրներ տարիքային շեմ գրանցեցին»:

Կրկնավարակի դեպքերն ապացուցվել են

Վարդուհի Պետրոսյանը հորդորում է աչալուրջ լինել, նույնիսկ նրանց, ովքեր արդեն իսկ վարակվել են քովիդով, ինչից հետո հրաժարվում են դիմակ կրել:

«Տարբեր երկրներում հայտնաբերվել են կրկնավարակի դեպքեր, նաև ապացուցվել է, որ առաջին վարակը եղել է վիրուսի մեկ ենթատեսակով, երկրորդը` այլ, այսինքն` համոզված են, որ երկրորդ անգամ մարդը հիվանդացել է: Հիմնականում մի քանի ամիս տարբերություն է լինում, մեր երկրում արված հետազոտությունների ինտերվալը, կարծեմ, 3 ամիս էր ամենաքիչը: Կարելի է ենթադրել, որ վարակվելուց անմիջապես հետո օրգանիզմն ավելի մեծ պաշտպանվախություն ունի, բայց դա կարող է թուլանալ ժամանակի հետ», - ասաց մասնագետը:

Ինչ հետևանքներ է առաջացնում կորոնավիրուսը

Ինչ վերաբերում է կորոնավիրուսից հետո առաջացած բարդություններին, ապա Վարդուհի Պետրոսյանը նկատեց, որ կան գիտական հոդվածներ, որոնք ասում են, որ եթե նույնիսկ թեթև են տարել վիրուսը, սակայն կարող են մի քանի ամիս դեպրեսիայի մեջ լինել. «Լինում է` ուղեղի վրա ազդեցություն է ունենում, և կարող են հետևանքներ լինել, օրինակ` համի-հոտի զգացողության փոփոխությունները կարող են երկար ամիսներ մնալ մարդկանց մոտ, մկանային ցավեր կարող են մնալ մարդկանց մոտ: Նույնիսկ թեթև դեպքերից մոտ 30 տոկոսի մոտ հնարավոր են երկարատև հետևանքներ»:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.