ՄԻՊ-ը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, եվրախորհրդարանականները, հորդորում են ԵՄ-ին կոնկրետ քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր` հայ գերիներին ազատելու համար, տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Ըստ գրասենյակի՝ Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում։

Արման Թաթոյանն իր հատուկ զեկույցում կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից:

Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով ապրիլի 9-ին դիմել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե:

Նա ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում», - նշել է պաշտպանը:

Թաթոյանն արձանագրել է, որ գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով իրականացվող հայատյացության և թշնամանքի քարոզի համատեքստում:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանի իշխանություններն օգտագործում են հայ ռազմագերիների հարցը` զարգացնելու համար իրենց ատելության քաղաքականությունը:

Այս հանցագործություններն էթնիկ բնույթ ունեցող հանցագործություններ են, որոնք բարձր կերպով հովանավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, ընդգծել է նա։

Թաթոյանի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է իր դիրքորոշումն ինստիտուցիոնալ ձևով արտահայտի՝ այս խախտումները վերացնելու, հետագաները կանխելու համար։

Քննարկման ընթացքում Պաշտպանը մանրամասն ներկայացրել է մարդասիրական ու մարդու իրավունքների ոլորտի միջազգային այն կանոնները, որոնք պահանջում են գերիների անհապաղ ազատ արձակում ու անվտանգ վերադարձ:

Ըստ Պաշտպանի գրասենյակի՝ քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասինը, որը ևս հանդես է եկել զեկույցով: Մասնակցել են նաև Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69 -ը։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 70 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Իսկ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։