Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված պահեստազորայինների հարազատները շուրջ 24 ժամ փակ պահելով Շիրակի մարզպետարանի մուտքը՝ ի վերջո ուժային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո որոշեցին բացել այն: Թե ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել, հարազատները չեն մանրամասնում:
Գերեվարվածների հարազատներն անցած գիշեր Շիրակի մարզպետարանում են անցկացրել, աշխատակիցներին թույլ են տվել տուն գնալ, սակայն շատերը հրաժարվել են և մնացել են կառույցն արգելափակած անձանց հետ: Առավոտյան էլ գերեվարված զինվորականների հարազատները փակել էին մարզպետարանի մուտքը՝ թույլ չտալով, որ աշխատակիցները ներս մտնեն: Հիմնականում Շիրակի մարզի բնակիչ հանդիսացող գերիների հարազատների պահանջն անփոփոխ է, ցանկանում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում:
«Մենք գնացել ենք, մեզ ինքը չի ընդունել, իսկ հիմա ինքը պիտի գա, ստեղ մեր հետ հանդիպում ունենա: Չենք գնալու միանշանակ, ինքը պիտի գա Գյումրի: Մենք պատրաստվում ենք երկրորդ, երրորդ, չորրորդ կառույցները փակելու, մենք էլ զսպվելու տեղ չունենք, մենք չենք կարող արդեն մեզ զսպել», - ասաց հավաքվածներից մեկը:
Գերեվարվածների հարազատները վարչապետի հետ հանդիպելու պահանջով անցած ուրբաթ օրը շուրջ 13 ժամ փակել էին Շիրակի մարզի բոլոր ելքերն ու մուտքերը: Այսօր ևս նրանք պահանջում էին, որ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը ժամանեն մարզ, իրենց ասեն, թե երբ են իրենց երեխաները վերադարձվելու Ադրբեջանից:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, նրանցից դեռևս հայրենիք են վերադարձվել միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։