Մատչելիության հղումներ

Խծաբերդում գերեվարվածների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը


Խծաբերդում գերեվարվածների հարազատները, այդ թվում և՝ կանայք ու մայրերը, գիշերը Շիրակի մարզպետարանում են անցկացրել: Մարզպետարանի կին աշխատակիցներին ավելի շուտ, իսկ ցանկացողներին էլ գիշերը թույլ են տվել տուն գնալու, սակայն շատերը հրաժարվել և մնացել են հարազատների կողքին:

Առավոտյան հարազատները փակել էին մարզպետարանի մուտքը՝ թույլ չտալով աշխատակիցներին ներս մտնել:

Գերիների հարազատների պահանջը այս պահին մեկն է՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիում: Հարազատները կտրականապես հրաժարվում են Երևան գնալ հանդիպման: Մինչև ժամը 11:15 ժամանակ տվեցին իշխանություններին, որ իրենց հստակ պատասխանեն, թե երբ կկայանա վարչապետի հետ հանդիպումը Գյումրիում, այլապես այլ կառույցների աշխատանք ևս կխաթարեն:

Հիշեցնենք, որ գերեվարվածների հարազատները վարչապետի հետ հանդիպելու պահանջով անցած ուրբաթ օրը շուրջ 13 ժամ փակել էին Շիրակի մարզի բոլոր ելքերն ու մուտքերը: Այսօր ևս նրանք պահանջում էին, որ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը ժամանեն մարզ, իրենց ասեն, թե երբ են իրենց երեխաները վերադարձվելու Ադրբեջանից:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, նրանցից դեռևս հայրենիք են վերադարձվել միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։

XS
SM
MD
LG