Վիեննայում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները

«Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին նվիրված բանակցություններից առայժմ լուրջ սպասելիքներ չկան», - Ավստրիայի մայրաքաղաքում մի քանի ժամ առաջ մեկնարկած քննարկումներին զուգահեռ այս ուղերձն են հղում միջազգային հանրությանը իրանցի և ամերիկացի պաշտոնյաները։

«Մենք չենք թերագնահատում մեր առջև ծառացած մարտահրավերների ծավալը։ Սա դեռ սկիզբն է։ Այս բանակցությունների ընթացքում մենք որևէ արագ արդյունք կամ առավել ևս դիվանագիտական ճեղքում չենք ակնկալում։ Հստակ է, որ այս բանակցությունները դժվար ընթացք կունենան։ Դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ մեր միջազգային գործընկերների և Իրանի հետ այս հանդիպումը առողջ, առաջընթացին միտված քայլ է իրենից ներկայացնում», - անցած գիշեր Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Իրանցի պաշտոնյաների համոզմամբ ևս՝ գոնե այս փուլում նման բանակցությունները թեև դրական երևույթ են, այնուհանդերձ որևէ էական փոփոխության չեն հանգեցնի։

«Մենք ոչ լավատես ենք և ոչ էլ հոռետես, սակայն վստահ ենք, որ ճիշտ ուղու վրա ենք: Եթե հաստատվի, որ Միացյալ Նահանգները այս խնդրին ազնվորեն և պարտավորությունները կատարելու պատրաստակամությամբ են մոտենում, դա լավ նախանշան կլինի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման, այս տարածաշրջանում ապրող մարդկանց խաղաղ կյանքի ապահովման տեսանկյունից», - բանակցությունների մեկնարկից առաջ Թեհրանում հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեին։

Այսօրվա բանակցությունների ընթացքում իրանցի և ամերիկացի դիվանագետների ուղղակի շփումները բացառված են։ Այդ մասին, հանդիպմանն ընդառաջ, հայտարարեց Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթեբզադեն։

Reuters գործակալությունն էլ, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, բանակցությունների կազմակերպման տեխնիկական դետալներից այսօր որոշ մանրամասներ է ներկայացնում։

Ըստ գործակալության՝ Իրանի կողմից միջուկային հարցերով զբաղվող առանցքային դիվանագետի՝ Աբաս Արաքչիի ղեկավարած պատվիրակությունը իջևանել է Վիեննայի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում, իսկ Իրանի հարցերով Սպիտակ տան հատուկ բանագնաց Ռոբ Մելիի գլխավորած թիմը հարևանությամբ գտնվող մեկ այլ հյուրանոցում է։ Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև կապը ապահովում են ֆրանսիացի դիվանագետները։ Ֆրանսիայի ներկայացուցիչներից բացի Վիեննայում են նաև 2015 թվականին Միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս չորս պետությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունները։

Հարկ է նկատել, որ բանակցությունների ընթացքը բարդացնում են նաև այն վերջնական նպատակները, որոնք իրենց առջև դրել են Թեհրանն ու Վաշինգտոնը։

Իրանի իշխանությունները պահանջում են անհապաղ կերպով և ամբողջությամբ վերացնել այն բոլոր պատժամիջոցները, որ սահմանվել էին ԱՄՆ կողից Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին։ Միակ բանը, սակայն, որ այս փուլում կարող են առաջարկել ամերիկացիները, պատժամիջոցների աստիճանաբար վերացումն է՝ մի տարբերակ, որ Թեհրանում կտրականապես մերժում են։

Օրերս, պատժամիջոցների քայլ առ քայլ վերացումը կտրականապես մերժեց նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Ամերիկյան կողմը իր հերթին հստակորեն արձանագրում է՝ միակողմանի զիջումներ կամ դիվանագիտական տպավորիչ ժեստեր չեն լինելու։

«Վաշինգտոնի հիմնական նպատակը անփոփոխ է՝ բացառել Իրանի մուտքը միջուկային պետությունների ակումբ», - հայտարարում է Պետդեպարտամենտի խոսնակը։

«Մեր համապարփակ նպատակը՝ Իրանի միջուկային ծրագրի մշտական և վերահսկելի սահմանափակումն է։ Մեր նպատակներից է նաև, որ Իրանը երբեք չկարողանա միջուկային զենքի տիրանալ, և որ այդ կարգավիճակը վերահսկելի լինի։ Դա միայն մեր նպատակը չէ, դա նաև 5+1 ձևաչափում գործող մեր գործընկերների նպատակն է», - նշել է Նեդ Փրայսը։