Գլխավոր դատախազը Քոչարյանի և մյուսների գործով դիմել է Սահմանադրական դատարան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով երեկ դիմել է Սահմանադրական դատարան:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ դիմումով վիճարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն «այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն»: Դրանով իսկ, ըստ գլխավոր դատախազի, Քրեական դատավարության օրենսգրքի հիշյալ դրույթները հնարավորություն չեն տալիս «որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, և այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր և բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման»:

Դատախազության պնդմամբ՝ բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը մեկ շաբաթ առաջ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որով Հայաստանի երկրորդ նախագահը և մյուսները մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ։ Ռոբերտ Քոչարյանի և գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները պնդում են, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է անմիջապես դադարեցվի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։

Դատախազությունն իր պաշտոնական դիրքորոշումը մինչ այժմ չէր հրապարակում։

Մանրամասները տե՛ս այստեղ