Սահմանադրական դատարանի (ՍԴ) քննած գործով ընդունված որոշման կամ եզրակացության քվեարկության անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն։ Այս մասին հայտարարել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանն՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով առաջացած հարցերին։
«Իսկ եթե անվանական արդյունքները հրապարակման ենթակա չեն, ապա տրամաբանորեն անհնար է նաև այնպիսի տվյալների հրապարակումը, որոնք այս կամ այն կերպ կարող են հանգեցնել քվեարկության անվանական արդյունքների բացահայտմանը։
Այսպիսով, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴ դատավորների ձայների համամասնության շուրջ որևէ ենթադրություն Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել կամ հերքվել չի կարող», - ընդգծել է ՍԴ խոսնակը։
Հիշեցնենք՝ անցած ուրբաթ բարձր դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝ սահմանադրական կարգը տապալելու մասին: