Մատչելիության հղումներ

Դատարանը հետաձգեց Քոչարյանի և մյուսների գործով նիստը


Մարտի1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք ենթակաների գործով դատական նիստը հետաձգվեց։

Մեղադրողները բացակա էին, դատարանն էլ հնարավոր չհամարեց գործը ՍԴ որոշման հիման վրա կարճելու պաշտպանների միջնորդության քննարկումը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը և նոր նիստի օր նշանակել ապրիլի 6-ը։

Ըստ նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի՝ Բաղդասարյանը գրություն էր ներկայացրել դատարան, որում մասնավորապես նշել էր․ - «Մարտի 29-ի երեկոյան հրապարակվել է Հահաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և դիմումների հիման վրա Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով դատական ակտը: Նկատի ունենալով, որ առկա է նշված որոշման հիման վրա դատարանի կողմից կիրառման ենթակա Քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրության համապատասխանության խնդիր, և այդ կապակցությամբ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ, խնդրում եմ նշանակված դատական նիստը հետաձգել և նշանակել ըստ նախապես որոշված ժամանակացույցի՝ 2021 ապրիլի 6-ին»։

Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայտարարեց․ - «Անկախ այն հանգամանքից նիստը կհետաձգեք, թե՝ ոչ, մենք սեղմ ժամկետում պետք է ստանանք 300․1 հոդվածով բոլոր ամբաստանյալների նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և եթե կհետաձվի, սեղմ ժակետներում, օրինակ վաղը, նիստ հրավիրել և անդրադառնալ խափանման միջոցների հարցին»։

Դատարանը հետաձգեց այսօրվա նիստը։ Հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Երեկ ՍԴ-ն հրապարակեց որոշումը։

XS
SM
MD
LG