Հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքացիական հասարակության երկու տասնյակից ավելի կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ՝ կոչ անելով իշխանությանն ու ընդդիմությանը զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները խեղաթյուրող վարքագծից։
«Խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր շրջանակների խնդրահարույց և վտանգավոր ելույթները թունավորում են հանրային դաշտը՝ երկրորդ պլան մղելով պետական և հասարակական նշանակություն ունեցող առաջնային խնդիրների քննարկումը»,- ասված է հասարակական կազմակերպությունների մարտի 30-ի համատեղ հայտարարությունում։
Հայտարարությանը միացած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ նման պայմաններում դուրս է մնում բովանդակային քննարկումը։
«Մենք հիմա ունենք բազմաթիվ լրջագույն բովանդակային հարցեր կապված դատական իշխանության հետ, ընտրական օրենսդրության հետ, մի շարք այլ հարցերի հետ, որոնք հանրային քննարկման տիրույթ համարյա չեն մտնում, որովհետև հանրային քննարկման տիրույթն ավելի շատ լծված է ինչ-որ փոխադարձ անիմաստ մեղադրանքներով, անեծքներով, անտեղի պիտակավորումներով և այլն», - ասաց Իոաննիսյանը։
«Հանրային հարցումները ցույց են տալիս, որ հանրությունը հոգնել է քաղաքական շրջանակների նման անպատասխանատու պահվածքից և ակնկալում է բովանդակային և կոնկրետ քայլեր՝ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։ Հորդորում ենք իշխանական և ընդդիմադիր քաղաքական շրջանակներին՝ զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք՝ ազատ և արդար ընտրությունների իրականացման համար, լեգիտիմ իշխանություն ձևավորելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար»,- կարդում ենք հայտարարությունում։
«Կորոնավիրուսի ու պատերազմի արդյունքում մենք լրջագույն խնդիրներ ունենք կապված անվտանգության հետ, կապված տնտեսության հետ, առողջապահության ոլորտի հետ, բայց այդ խնդիրները ևս պետք է քննարկվեն բովանդակային դաշտում և ոչ թե ինչ-որ փոխադարձ անեծքների դաշտում, որովհետև քանի դեռ այդ խնդիրները չսկսվեն բովանդակային քննարկվել, այդ խնդիրների լուծման ուղղությամբ համարյա առաջընթաց չի կարող լինել», - ասաց Իոաննիսյանը։
Երկրում ստեղծված մթոնլորտին այս տարվա մարտի 1-ի իր հայտարարությամբ անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, թե երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն, սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում։