Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը կոչ է անում մերժել բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կոչ է անում բոլոր անհատներին, քաղաքացիական խմբերին, կուսակցություններին ի հիշատակ մարտի 1-ի զոհերի մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և մեկ ճակատով հանդես գալ` մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք։

Մարտի 1-ի իր ուղերձում Միրզոյանը մասնավորապես ընդգծել է՝ հայրենիքն այլևս չպիտի անցնի նման փորձության միջով։

«Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևարգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, ոստիկաններ Համլետ Թադևոսյանը և Տիգրան Աբգարյանը 13 տարի առաջ մարտի 1-ին երազում էին ապրել ազատ, ժողովրդավարական և երջանիկ Հայաստանում։ Մարտի 1-ին ապօրինի հրամանով կիրառված զինվորական ուժի արդյունքում 10 տարով կասեցվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին։

Այս օրերին, երբ անթույլատրելիորեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ փորձ կատարեցին խառնվել ներքաղաքական գործընթացներին, մենք պարտավոր ենք թույլ չտալ իրադարձությունների նմանօրինակ զարգացումը», - հայտարարել է ԱԺ խոսնակը։

Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 13-րդ տարին։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 13 տարի է անցել, բայց 10 զոհերի մահվան հանգամանքները ցայսօր պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG