Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում «Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր»։ Այսօր այս բովանդակությամբ լուրեր սկսեցին տարածել ադրբեջանական կայքերը՝ հղում անելով ադրբեջանական ականազերծման գործողությունների գործակալությանը՝ ANAMA-ին։
Հայտարարության մեջ նշվում է, որ «ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերից, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ»։ Այս հայտարարությունը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը քաղաքական խաղի արդյունք է համարում. «Ինչ-որ ճնշումներ են եղել Ադրբեջանի վրա, իմ կարծիքով, ռուսական կողմից, և Ադրբեջանը, իհարկե, Թուրքիայի դրդմամբ փորձում է նմանատիպ բեմականացում իրականացնել, որպեսզի հակաճնշում գործադրի Ռուսաստանի վրա՝ ինչ-որ հարցերում կոմպրոմիսի գալու համար»։
«Իսկանդերի» կիրառման մասին առաջինը ակնարկել էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, որից հետո Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց, ով նախ մեղադրեց իշխանություններին, որ այն պատերազմի հենց առաջին օրերին չի կիրառել, հետո էլ նշեց՝ ունի հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում և Շուշիի ուղղությամբ: Այս հայտարարությանը հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ հարցի տեսքով. «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։
Դրանից հետո ռուսական կողմը հերքեց Հայաստանի ներկա ու նախկին ղեկավարների ասածն ու հայտարարեց, որ վերջին պատերազմում ռուսական արտադրության «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել, և կիրառման մասին պնդում արած վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավանաբար մոլորության մեջ են գցել։ Այս տեսակետը հաստատեց նաև պաշտոնական Ադրբեջանը՝ նախագահի մակարդակով։
«Դեռևս արձագանք չկա ռուսական կողմից, ես մոտավորապես արդեն պատկերացնում եմ, գիտեմ, թե ինչպիսի արձագանք է լինելու, միանշանակ ռուսական կողմը հերքելու է և պնդելու է, որ «Իսկանդեր» չի կիրառվել ամեն դեպքում, և կարծում եմ, որ մի որոշակի ժամանակ հետո ևս ադրբեջանական կողմն էլ կհաստատի, որ փորձաքննության արդյունքում եկել են եզրահանգման, որ իսկապես «Իսկանդեր» չի եղել հրթիռը», - ասում է ռազմական փորձագետը։
ANAMA-ի հայտարարության մեջ նշվում են հրթիռի կիրառման աշխարհագրական հստակ կոորդինատները։ «Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», - ասված է հայտարարության մեջ:
«Դա պարզապես նույնականացրել են համարները հրթիռների, այն դեպքում, որ ոչ մեկը չգիտի, թե ինչ համարի հրթիռ է հայկական կողմում, բացի ռուսական կողմից։ Դա պետք է փորձաքննություն անցնի, որ հասկանան` կասետային է, «Սմերչ» է, «Իսկանդեր» է, թե ինչ է իրականում, քանի տոկոսով է պայթած և այլն», - նշում է Կարեն Հովհաննիսյանը։
Այն, որ սա քայլ է ուղղված ռուսական կողմին, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, Ադրբեջանի նպատակներից մեկն է միայն։ Ադրբեջանը այս կերպ փորձում է կոտրել նաև այն ալիքը, որ կա միջազգային հանրության կողմից՝ ի աջակցություն Հայաստանի։ Խոսքը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից հնչող մեղադրանքների մասին է` ուղղված Ադրբեջանին՝ պատերազմը սկսելու և գերիներին չվերադարձնելու համար։
«Ես տեսնում եմ, որ Ադրբեջանը շարունակում է գործել մեր դեմ, շարունակում է ամեն ինչ անել, որ չպատժվի այս պատերազմը սանձազերծելու համար, սկսելու համար, դա նշանակում է, որ Հայաստանը փորձեց օգտագործել «Իսկանդերը», ու դա կարող է ջարդել ի օգուտ մեզ ալիքը։ Դրան հակազդելու քայլեր պիտի անի մեր կառավարությունը: Ցավով եմ ասում, որ Հայաստանի իշխանությունները չեն օգտագործում այն փայլուն իրավիճակը, որը մեզ համար ձևավորվել է միջազգային հանրությունում»։