Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հակադարձում են «Իսկանդեր»-ի մասին Փաշինյանի հայտարարությանը, պաշտոնական Մոսկվան լռում է


«Իսկանդեր» հրթիռային համակարգ, արխիվ
«Իսկանդեր» հրթիռային համակարգ, արխիվ

Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստի մեջ` «Իսկանդեր»-ների արդյունավետ չլինելու մասին նրա հայտարարությունից հետո:

«Իսկանդեր»-ները մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք են, ինչը բազմիցս ապացուցվել է տարբեր զորավարժությունների ժամանակ։ Դա ուղղակի բացարձակ սուտ է, և նույնիսկ ոչ մի կասկածի ենթակա չէ», - ասել է ռուսաստանցի պատգամավորը։

Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ Ռուսաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը, «Իսկանդեր»-ների մասին Փաշինյանի հայտարարությունը մեկնաբանելիս ասել է, թե «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի հրթիռների մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը խոսում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին: Պետդումայի պատգամավորի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Վատ պարողին այլ բաներ են խանգարում։ Ժողովրդական այս ասացվածքը լավագույնս է բնութագրում վերջին պատերազմում «Իսկանդեր»-ների օգտագործման և դրանց հնացած լինելու մասին Հայաստանի վարչապետի խոսքերը», - ասել է ռուս պատգամավորը։

Դմիտրի Սաբլինը նաև շեշտել է, թե «Իսկանդեր»-ը հաստատել է իր բարձր որակները Սիրիայում ահաբեկիչների դեմ պատերազմի ժամանակ:

Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդեր»-ի ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ «Իսկանդեր»-ը չի պայթել: Կամ ինչո՞ւ է այն պայթել, օրինակ, 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, վարչապետը պատասխանել է. «Չգիտեմ, միգուցե 80-ականների զենք է»:

Ռուսական մամուլն անդրադարձել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունն իսկական փոթորիկ է բարձրացրել ռուսական մամուլում, թերևս այն պատճառով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որին Ռուսաստանը վաճառել է այս, ռուսաստանցի փորձագետների կարծիքով, խիստ արդիական և արդյունավետ համալիրը։ Բացի այդ, զենքն ու սպառազինությունը ռուսական էքսպորտի մի հսկայական հատվածն է: Բավական է հիշել, որ միայն Ադրբեջանը Ռուսաստանից վերջին տասը տարիներին շուրջ հինգ միլիարդի զենք ու սպառազինություն է գնել:

Ռուսական լրատվամիջոցները, գրեթե բոլորը, անդրադարձել են Հայաստանի վարչապետի հայտարարությանը՝ «Փաշինյանն ասել է, թե ռուսական «Իսկանդեր»-ը անգործունակ է» վերնագրով։

«Վեդոմոստի»-ն, մասնավորապես, հիշեցրել է, որ 2016-ին այլ պետությունների շարքում Հայաստանն առաջինն է ստացել «Իսկանդեր» համալիրները, որոնք նույն տարվա սեպտեմբերին Երևանում ցուցադրվել են Անկախության օրվան նվիրված ռազմական շքերթում: Կրեմլից անկախ «Մեդուզա» ինտերնետ-պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն առաջին և առայժմ արտասահմանյան երկրներից միակն է Ռուսաստանից ստացել «Իսկանդեր»-ներ։ Այդ երկրի սպառազինման մեջ են գտնվում 4 հրթիռային կայանքներ։

Ռազմական հարցերով փորձագետ Ալեքսանդր Գոլցը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանել է, որ «Իսկանդեր»-ների իրական մարտունակության մասին պատկերացումներ ոչ ոք չունի։

«Չպայթած» օպերատիվ-մարտավարական հրթիռի մասին Փաշինյանի հայտարարությանն անդրադարձել են նաև «Գազետա»-ն, «Լենտա»-ն, «Կոմերսանտ»-ը, «Վեստի»-ն:

ՌԻԱ «Նովոստի» պետական գործակալությունը, մասնավորապես, գրում է, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Իսկանդեր»-ը կիրառելու մասին առաջին անգամ դեռևս նոյեմբերին հայտարարել էր Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը: Ռուսական մամուլն արձանագրում է, որ Հայաստանի վարչապետը, փաստորեն, հաստատել է, թե հայկական կողմը Հայաստանի տարածքից «Իսկանդեր» է կիրառել է ադրբեջանական կողմի ուղղությամբ։

Ռուսական RBC-ն էլ հիշեցնում է, որ «Ղարաբաղում անցած աշնանը տեղի ունեցած հակամարտության ժամանակ Հայաստանի սպառազինությունում ընդգրկված են եղել առնվազն 16 հրթիռային համալիրներ՝ 8 «Էլբրուս», 4 «Տոչկա» և 4 «Իսկանդեր» տեսակի համալիրներ»:

Պաշտոնական Մոսկվան Փաշինյանի հայտարարությանը դեռ չի արձագանքել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG