Մատչելիության հղումներ

Ըստ խոսնակի, Փաշինյանն ու Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև «Իսկանդեր»-ի վերաբերյալ հայտարարությունը 


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը:

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է՝ Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել:

«Ավելին՝ վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերջին պատերազմում կրակած ռուսական «Իսկանդեր»-ը ողջ հզորությամբ չի պայթել, իսկական սկանդալի առիթ դարձավ։ Yerevan Today-ը ԳՇ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի հետ հարցազրույց էր հրապարակել՝ վերնագրելով «Գլխավոր շտաբի պետ տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա»։ Ըստ հրապարակման` նա անհնար էր համարել, որ «Իսկանդերը» 10 տոկոսով կրակեր։

Այս հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ Խաչատրյանն ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից՝ վարչապետի որոշմամբ։ Թեև պաշտոնապես Խաչատրյանի հեռացման պատճառը չմեկնաբանվեց, բայց նրա պաշտոնանկությանն անմիջապես հետևեց ԳՇ հայտարարությունը վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով։ Հայտարարությունը վարչապետը որակեց «ռազմական հեղաշրձման փորձ», հայտարարեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի։

Նշենք, որ «Իսկանդեր»-ի մասին հայտարարությանը սուր արձագանքեցին նաև Մոսկվայից․ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Հայաստանի վարչապետին նույնիսկ մեղադրեց ստի մեջ։ Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ Ռուսաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինն էլ ասել էր, թե «Իսկանդեր»-ի մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունը խոսում է նրա ոչ կոմպետենտ լինելու մասին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG