Բանակը թալանածները պարտությունը գցում են Փաշինյանի գրպանը, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
Արժեքների նենգափոխում է գնում, ասաց Խուրշուդյանն՝ ընդգծելով՝ նախկին իշխանությունները 20 տարի բանակցել էին այդ պարտությունը, իսկ Փաշինյանը, նրա խոսքով, փորձեց միանգամից չհանձնվել, այլ դիմադրություն տանել, և փոխանակ հիմա դա արժեվորվի լրիվ հակառակ դիսկուրսն է տարվում։
Խուրշուդյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև
«Ազատություն»․ - Պարոն Խուրշուդյան, Դուք համաձայն չեք, որ այսօր իշխանությունը քաղում է իր գործունեության, այն է՝ համակարգային բարեփումներ չանելու պտուղները, ո՞ւր մնաց անցումային արդարադատությունը, արդյո՞ք երկուսուկես տարում հնարավոր չէր անել այնպիսի արմատական քայլեր, որ մենք հեղափոխության հարթակից լսում էինք՝ հանցագործներ, թալանչիներ և այլն, հիմա էս մարդիկ ազատության մեջ ընդդիմադիր բևեռ չձավորեին։
Հովսեփ Խուրշուդյան․- Ես էս հարցով բազմիցս եմ քննադատել իշխանություններին, հատկապես սկզբում, երբ որ նոր էին իրենք եկել իշխանության, և ես էլ, որպես մաքսիմալիստ և ամեն ինչ միանգամից ցանկացող մարդ՝ բարեփոխումների տեսակետից, էդ դիրքերից քննադատում էի իրենց, բայց ես գնալով ավելի խորը հասկանալով ինչ դիմադրություն կա համակարգում, հատկապես դատական համակարգում, թե ինչ սպրուտ է այնտեղ տիրում, թե ինչպես են պաշտպանված նաև օրենքներով՝ թե՛ պետծառայողները, թե՛ հանրային ծառայողները, դատավորները, և այդ ամբողջ համակարգը փոխելու մենակ մի հնարավորություն կա՝ կամ պետք էր լրիվ հեղափոխական սցենարով գնալ, այսինքն՝ մի կողմ դնել Սահմանադրությունն, էն ժամանակ, մի կողմ դնել օրենքները, բոլորին բռնել առնվազն աշխատանքից հեռացնել, նոր դատավորներ նշանակել, որտեղի՞ց, էդ էլ ուրիշ հարց։ Տեսեք Արդարադատության ակադեմիայում նոր-նոր բարեփոխումներն են գնում, նոր կադրեր, նոր չափորոշիչներ և այլն, ժամանակ է պահանջում։ 20 տարի կառուցված համակարգը հնարավոր չէ մեկ-երկու տարում փոխել, և ես նաև հասկանում եմ իրենց, բայց ես երբվանի՞ց սկսեցի փոխել իմ այդ սուր քննադատական կեցվածքն իշխանությունների հանդեպ, 2019 թվականից հետո, երբ որ ես տեսա իրենց առաջին տարվա ցուցանիշները։
Անկեղծ ասած ես չէի սպասում, ես մտածում էի, որ իրենք կտապալեն ոչ միայն բարեփոխումներն, այլ՝ տնտեսությունը։ Բայց առաջին տարվա՝ 2019-ի արդյունքները, երբ որ ես տեսա, 2020 թվի սկզբին արդեն տեսանելի էր, 8 տոկոսանոց աճը չտեսնված էր՝ եվրոպայի և եվրասիական բոլոր երկրների համեմատությամբ, այն դեպքում, երբ ցնցումներից հետո էր էդ մի տարին, երբ որ արտաքին ներդրումներ իրական չկային, զուտ ներքին ներդրումների, չգողանալու, բյուջեն արդյունավետ ծախսելու հաշվին էր այդպիսի մեծ աճը, և էդ 8 տոկոսանոց աճը տեսանելի աճ էր, այսինքն՝ նախկինում էլ մենք ունեցել ենք 10-12 տոկոս աճ, որը գնացել է օլիգարխների գրպանները, կամ արտասահման՝ օֆշորներ։ Բայց էս դեպքում էդ աճը գնաց ճանապարհաշինության վրա, որը էլի էս նույն նախկինները փորձում են արժեզրկեն, անունը դրել են՝ «Նիկոլ Փաշինյանն ասֆալտ փռող է»։ Այսինքն՝ էն ինչ-որ իրենք 20 տարում չեն արել, էս իշխանությունը դրա կեսը մեկ-երկու տարում համարյա արեց ու փոխանակ դրվատանքի արժանանան․․․ էս եմ ասում էլի, արժեքների նենգափոխում է գնում, իրենք ասում են՝ «ասֆալտ փռող»։
Էդ պարտությունն իրա գրպանը գցելով, որ 20 տարի բանակցել էին էդ պարտությունն, ըստ էության, էս մարդը փորձեց դրա դեմն ինչ-որ բան անի և դիմադրեց նաև պետերազմի ընթացքում, նա տարավ ըստ էության դիմադրության, չէ՞, չհանձնվեց միանգամից, փոխանակ դա արժեվորենք նաև, լրիվ հակառակ դիսկուրսն ա տարվում։ Հենց իրանցից շատերն այդ դավաճանության մեջ մեղսակից են, որ տարածում էին առաջնագծում, որ «Նիկոլը հողերը հանձնել ա» և այլն, «էլ ինչի՞ եք կռվում»։ Բայց հիմա հետին թվով ուզում են էդ շառը Նիկոլի վրա գցեն։
Էդ նույն գեներալիտետը, որը որ զինվորների հաշվին հսկայական դղյակ էր կառուցում, հետո էդ դղյակը սեփական բանակի վրա վաճառում էր՝ բանակն իրենից գնում էր՝ իր կարիքների համար, հետո էդ գնվածն էլի իրեն նվիրաբերում էր, ու էդ գեներալները նամուս ունեն, հելնում են ինչ-որ բաներից են խոսում, պարտությունից են խոսում, «Իսկանդեր»-ներից են խոսում, հասկանո՞ւմ եք։ Էն աստիճանի են նենգափոխել արժեքները, ինչ ա թե էնքան հեռուստաընկերություններ ու մեդիաներ ունեն, որ սուտ ու կեղծ արժեքներ են, որ իրար հետևից շպրտում են հասարակության մեջ, մարդիկ ուղղակի շվարել են, մառախուղի մեջ ոնց որ լինեն։ Էնքան տեղեկատվական ուղմուկ ու աղբ կա էսօր դաշտում։ Իշխանությունների մեծ պատասխանատվությունն էն ա, որ չմաքրեցին մեդիադաշտը էդ օֆշորային, կոռումպացված անհայտ սեփականատերերին պատկանող հեռուստաընկերություններից և ֆեյքազոմբիական էդ զանգվածներից։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ