Եթե անգամ նոր ԸՕ-ն ընդունվի, այս ընտրություններում հավանաբար ոչ բոլոր դրույթները կիրառելի կլինեն, ասում է Դանիելյանը

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծում կան դրույթներ, որոնց իրականացումը ժամանակ է պահանջում, ասում է խորհրդարանի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, իշխող խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը ու մանրամասնում՝ եթե անգամ նախագիծը ողջամիտ ժամկետներում ընդունվի, դա դեռ չի նշանակում, որ բոլոր դրույթները կիրառելի կլինեն Հայաստանում հունիսի 20-ին նախատեսված արտահերթ ընտրություններին։

«Ամենայն հավանականությամբ այս նախագիծը ընդունվելու պարագայում անգամ, դրա կարգավորումների մի մասը ուժի մեջ կմտնի շատ ավելի ուշ` այնպիսի ժամկետներում, որ հնարավոր է դա իրականացնել, բայց կիրառելի չեն լինի հունիսի 20-ի համար», - ասաց Դանիելյանը:

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը հաստատեց՝ կգնան Ընտրական օրենսգրքի փոփոխության, և արտահերթ ընտրությունները կանցկացվեն առանց վարկանիշային ցուցակների։ Դա նշանակում է, որ փոփոխված տարբերակով քաղաքացին քվեաթերթիկում կընտրի միայն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի, մինչդեռ գործողով բացի կուսակցությունից, ընտրում էր նաև այդ կուսակցության տարածքային ցուցակի անդամներից մեկին։ Դանիելյանն ասում է՝ հանրային քննարկումները միշտ հենց այս հարցի շուրջ են եղել, և կարևոր է, որ վարկանիշային ցուցակները դուրս են գալիս։

«Այդ ընտրակարգը հանրության համար խիստ խրթին է, հաշվի առնելվ այդ ընտրակարգի հատկանիշները, որոնք Հայաստանում առնվազն դրսևորվել են, որ ընտրությունները դարձնում են ավելի անձակենտրոն և պակաս ծրագրային և կուսակցակենտրոն, նենգափոխում են համամասնական ընտրակարգի տրամաբանությունը, ավելի բերում են տարածքային ներկայացվածության սկզբունքի ընդգծմանը», - նշեց պատգամավորը:

Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունները, սակայն, շատ ավելի լայն են, քան ռեյտինգային ցուցակները հանելը ու միայն պարզ համամասնականը թողնելը։ Նոր տարբերակով, օրինակ, փոխվում է անցողիկ շեմը։ Կուսակցությունը խորհրդարան անցնելու համար 5 -ի փոխարեն պետք է հավաքի ընտրողների ձայների առնվազն 4 տոկոսը, իսկ դաշինքների դեպքում անցողիկ 7 տոկոսը բարձրանում է մինչև 8։

Մյուս էական փոփոխությունը կոալիցիաներ կազմելու դրույթն է։ Գործող օրենսգրքով ընտրական շեմը հաղթահարած ուժը առավելագույնը 2 ուժի հետ կոալիցա կարող է կազմել 6 օրվա ընթացքում։ Փոփոխված տարբերակը սահմանում է 14 օր, որպեսզի հարաբերական մեծամասնություն ստացած կուսակցությունը կոալիցիա կազմի անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերի հետ։ Այդ ժամկետի ավարտից հետո նոր միայն մեծամասնության հետ կոալիցիա չկազմած ուժերը մեկ շաբաթվա ընթացքում կարող են կոալիցիա կազմել միմյանց հետ։

Խորհրդարանական ընտրություններից առաջ խաղի կանոնների փոփոխությանը դեմ է «Լուսավոր Հայաստանը», վերապահումներ ունի ոչ միայն վարկանիշային ցուցակները հանելու, այլ նաև այս դրույթի հետ։ Խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն էր օրեր առաջ իրենց մտահոգությունները բարձրաձայնել. «Չի բացառվում, որ օրինակ, իմ դեմ կհարուցեն քրեական գործեր, իմ ընտանիքի անդամների դեմ կհարուցեն, 14 օր ճնշումներ կլինեն բոլոր քաղաքական ուժերի վրա, որպեսզի նրանք կազմեն կոալիցիա, և «Իմ քայլը» մնա իշխանության»:

Իշխանական պատգամավոր Համազասպ Դանիելյանը հակադարձում է՝ ժամանակին ընդդիմադիրները դեմ չեն արտահայտվել առաջարկվող փոփոխություններին։ Ավելին՝ հիշեցնում է 2018 թվականի ընտրությունները, երբ խիստ քննադատության արժանացան Հանրապետականի իշխանության ժամանակ ընդունված Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու համար։ Ինչ վերաբերում է կոալիցիանների դրույթին, ասում է՝ ամեն ինչ արել են, որպեսզի փոքրացնեն երկրորդ փուլի գնալու շանսերը. «Համաձայնության գնալու հավանականությունը նվազեցվում է, և դրա փոխարեն մեր բոլոր քաղաքացիները նորից պետք է գնան տեղամաս, համապետական ընտրությունների ծախսը պետք է արվի, համավարակի ընթացքում նորից քարոզարշավ պետք է արվի»:

Շաբաթներ առաջ շրջանառված օրենսգիրքը, ըստ Դանիելյանի, առաջին ընթերցմամբ կքննարկվի ապրիլի 13-ի նիստում, իսկ մայիսի սկզբին արդեն հնարավոր կլինի կազմակերպել երկրորդ ընթեցմամբ քննարկումն ու քվեարկությունը։ Նախագիծն արդեն ուղարկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին՝ Վենետիկի հանձնաժողով։ Ակնկալվում է, որ հանձնաժողովը եզրակացությունը կներկայացնի առաջիկա երկու շաբաթների ընթացքում։