Մատչելիության հղումներ

Մարուքյանն առաջարկում է ընտրական «հում» օրենսգրքով չգնալ արտահերթ ընտրությունների


Խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Շրջանառության մեջ դրված Ընտրական նոր օրենսգիրքն ամբողջությամբ հում որակելով՝ Մարուքյանն ասաց՝ առաջարկում են այդ հում օրենսգիրքը հիմա չընդունել․ - «Սա է եղել մեր մոտեցումը՝ հում օրենսգրքով չգնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:

ԼՀԿ ղեկավարը պարզաբանեց՝ «Էդ օրը [հունիսի 20] հայտարարվել է գործող խաղի կանոնների լույսի ներքո, և բոլորս գործող խաղի կանոներով պատրաստվում ենք ընտրությունների։ Նոր խաղի կանոնները ընդունել, նշանակում է ընտրության օրը հարվածի տակ դնել, հետևաբար ճգնաժամը խորացնել երկրում, հետևաբար այն կամքը, որ ուզում ենք ճգնաժամը լուծել երկրում, էդ կամքը կորում ա, չկա էդ կամքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո վարչապետը հայտարարեց՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Առայժմ պարզ չէ՝ իշխանությունն ընտրություններին գործող, այսպես ասած, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական ընտրակարգով է գնալու արտահերթ ընտրությունների։ Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը դրվել է շրջանառության, որում ամրագրված է պարզ համամասնականը, բայց հստակ չէ՝ կհասցնի խորհրդարանը ընդունել նոր օրենսգիքը մինչև հունիսի 20-ին նախատեսված ընտրությունները։

XS
SM
MD
LG