Թորոսյանի խոսքով՝ եթե նոր ԸՕ-ն նույնիսկ ընդունվի, «ապա այն դժվար թե կիրառվի եկող ընտրությունների համար»

Ընտրական նոր օրենսգիրքը, եթե նույնիսկ ընդունվի էլ, ապա այն դժվար թե կիրառվի, կամ ուժի մեջ մտնի հենց այս խորհրդարանական ընտրությունների համար, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով օգատերերից մեկի հարցին, թե «ե?րբ ենք ունենալու Ընտրական նոր օրենսգիրք»։

«Կարող եմ մասամբ պատասխանել հարցին, որ հենց հիմա շատ ինտենսիվ քննարկումներ են գնում Ընտրական նոր օրենսգրքի շուրջ։ Կարող եմ ասել իմ տեսակետը, որ շատ էական փոփոխություններով նոր Ընտրական օրենսգիրքը, եթե նույնիսկ ընդունվի էլ, ապա այն դժվար թե կիրառվի, կամ ուժի մեջ մտնի հենց այս՝ եկող ընտրությունների համար, որպեսզի խաղի կանոններն էականորեն չփոխի։ Իսկ փոքր փոփոխություններ հնարավոր են, խոսքն ընտրակարգին է վերաբերում, որի վերաբերյալ պատշաճ և՛ հասարակությունը, և՛ քաղաքական ուժերը կծանուցվեն», - ասաց Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո հայտարարեց՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Առայժմ պարզ չէ՝ իշխանությունն ընտրություններին գործող, այսպես ասած, ռեյտինգային, թե իշխող ուժի առաջարկած պարզ համամասնական ընտրակարգով է գնալու արտահերթ ընտրությունների։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունը հատկապես պահանջում են հասարակական կազմակերպությունները և մի քանի արտախորհրդարանական ուժեր։

Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Այն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ մինչև հունիս հնարավոր է ընդունել նորն ու նոր կարգով գնալ ընտրությունների։

Մեկ այլ հարցի, թե ինչո՞ւ վարչապետի հրավիրած վերջին երկու հանրահավաքիներին դիմակով չէր, ժամանակին ինքն էր խոսում դիմակ կրելու կարևորությունից, հիմա էլ կարևոր չէ՞, Թորոսյանը պատասխանեց․ - «Կարևոր է, դրա համար ես հիմա դիմակով եմ։ Եթե նույնիսկ ինչ-որ մի պահ դիմակով չեմ եղել, ներողություն եմ խնդրում դրա համար, պետք է լինեի դիմակով։ Ընդունում եմ քննադատությունը և նորից կոչ եմ անում բոլորին՝ կրել դիմակ՝ անկախ հանգամանքներից»։

Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ