Իրանում հայտնված հայկական Boeing-ի դեպքով քրգործը հարուցվել է օդանավը զավթելու հատկանիշով

Հայկական Fly Armenia airways ընկերության կողմից վարձակալած և նախնական թռիչքուղու շեղման հետևանքով Իրանում հայտնված Boeing ինքնաթիռի դեպքով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետի տեղակալ Տիգրան Հարությունյանը։

Նշված հոդվածը վերաբերում է օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելուն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ ավիաընկերությունը հայտարարել էր, որ թռիչքուղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց ընկերության համաձայնության և գիտության։

Քրեական գործը քննվում է նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելուն, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

«Ազատություն»-ը նաև հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն։ Դեսպանատան լրատվականից ստացված պատասխանում նշված է. - «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան և դեռևս գտնվում է այդ երկրում։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի մեր գործընկերների հետ, որոնք քայլեր են ձեռնարկում ինքնաթիռը վերադարձնելու ուղղությամբ։ Մենք վերահաստատում ենք, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։