Մատչելիության հղումներ

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը ոչ հաստատում, ոչ էլ հերքում է իր օդանավի առևանգման մասին լուրը


Վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը քանի օր է՝ փորձում է պարզել՝ ինչպե՞ս է հայկական գրանցում ունեցող Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել Թեհրանում, արդյոք Քաղավիացիայի կոմիտեն տեղյակ է եղել այդ մասին, թե օդանավը շահագործող ընկերությունը կամ անձնակազմն է ինքնակամ շեղվել ծրագրից. «Ես հարց եմ տվել` ի՞նչ է սա՝ առևանգում, խարդախ գործա՞րք, թե՞ հանցավոր անգործություն»։

Տեղեկությունը, որ օդանավը Թեհրանում է վայրէջք կատարել, Ճաղարյանն ասում է՝ իր աղբյուրներից է իմացել. «Ես մեծ կասկածներ ունեմ, որ դա անձնակազմի որոշումն է եղել, որովհետև արտասահմանյան օդաչուները եթե այդպիսի բան անեին և վայրէջք կատարեին Թեհրանում` երկրում, որտեղ մահապատիժ է սահմանված այդպիսի հանցագործությունների համար, նրանք շատ լավ հասկանում էին, թե ինչի էին գնում, և նույնիսկ եթե իրենք հասցնեին լքել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը, նրանք այլևս իրենց ամբողջ կյանքում աշխատանքի հնարավորություն չէին ունենա»:

Հակոբ Ճաղարյանն իր Ֆեյսբուքի էջում գրել էր, թե Boeing 737 օդանավի առևանգման մասին փետրվարի 21-ին Քաղավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների գործընկերներից։ Մինչդեռ կոմիտեից հերքում են, թե նման հեռագիր են ստացել, միևնույն ժամանակ կառույցից նաև հայտնում են՝ գիտեն, թե որտեղ է օդանավը՝ առանց նշելու երկրի անունը։ Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն էլ օտարերկրացիներ են եղել:

«Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է: Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն: Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին քննության ավարտից հետո», - ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից այսօր որևէ այլ մեկնաբանություն չտվեցին` մատնանշելով, որ քննություն է ընթանում։

Հակոբ Ճաղարյանն ասում է` եթե պարզվի, որ այս ամենի մասին նաև Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն է տեղյակ եղել, ապա Հայաստանը չի կարող խուսափել հատկապես ամերիկյան պատժամիջոցներից, քանի որ ԱՄՆ-ն արգելել է օդանավերի վաճառքն այդ երկրին. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր լռությամբ, իր հետևողական լռությամբ ստիպում է մտածել, որ նա տեղյակ է եղել, ինչին ես չեմ ուզում հավատալ, ես չեմ ուզում հավատալ, որ Հայաստանի Հանրապետության պետական օրգանն այդպիսի տխմարություն կանի: Եվ ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրն է ամեն ձևով և հնարավորինս արագ` առանց որևէ հապաղման ապացուցել իր չմասնակցելն այս գործարքին»:

Ի վերջո որտե՞ղ է հայաստանյան գրանցում ունեցող Boeing օդանավը, այդ մասին լռում է նաև այն վարձակալող ընկերությունը առանց պատճառաբանության։ Մեր գրավոր հարցման ի պատասխան` «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ից միայն տեղեկացնում են՝ օդանավը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում էր՝ տեխնիկական աշխատանքերի պատճառով, որից հետո այն փետրվարի 12-ից 22-ը թռիչք պետք է կատարեր դեպի Ուկրաինա՝ շարունակելու համար տեխնիկական սպասարկումը, սակայն փետրվարի 20-ին օդանավը թռել և անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել։ Ընկերության կողմից կատարվում է քննություն։

Ճաղարյանն ասում է՝ այս մութ պատմության մեջ պատասխանատվության իր բաժինն ունի նաև Քաղավիացիայի կոմիտեն. «Ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունները պարտական են հետևել, հետևողականորեն վերահսկել իրենց կողմից լիցենզավորված ավիաընկերությունների գործունեությունը: Սա թույլ վերահսկողության արդյունք կարող է լինել»:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը, ըստ Քաղավիացիայի կոմիտեի, անցած տարի է հիմնվել՝ ստանալով օդանավավ շահագործողի վկայական։ Իսկ Քաղավիացիայի կոմիտեի ռեեստրում նույն Boeing B737-300 օդանավն անցած տարեվերջին է գրանցվել։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG