Մատչելիության հղումներ

Բանակցություններ են ընթանում Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր Երևան վերադարձնելու համար


Հենց այս պահին բանակցություններ են ընթանում Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր Երևան վերադարձնելու ուղղությամբ, հայտարարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի», - Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստանից» Արմեն Եղիազարյանի հարցին:

Հիշեցնենք, որ վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հայկական գրանցում ունեցող Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել է Թեհրանում:

Ըստ Ավինյանի` նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ դեպի Վարնա օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի Շարժա և դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում:

«Թռիչքի վերգետնյա սպասարկման, թռիչքի կազմակերպման և թույլտվությունների ստացման գործընթացի պատասխանատուն հանդիսանում է միայն շահագործող ավիաընկերությունը:

Թե օդաչուական անձնակազմի, թե իրանական կողմի ավիացիոն իշխանությունների հավաստիացմամբ՝ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ, ըստ նախնական տեղեկատվության՝ եղել են վառելիքի հետ կապված խնդիրներ»,- մանրամասնեց փոխվարչապետ Ավինյանը:

XS
SM
MD
LG