Գլխավոր շտաբի հայտարարությունը անարդարության ահազանգ է, համոզված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր։
Ստորև՝ հատված հարցազրույցից․
Էդմոն Մարուքյան․ - Գլխավոր շտաբում հորեղբորս տղաները չեն աշխատում, որ իմ եղբայրներն են բոլորն էլ՝ որպես հայ մարդիկ, որպես մեր բանակի զինվորականներ, բայց մարդիկ ուրեմն մի իրավիճակի մեջ են ընկել, որ իրենց բողոքի ձայնը բարձրացրել են։
«Ազատություն»․ - Բայց հենց այդ զինվորականությունը պարտվել է պատերազմում, առաջին հերթին իրենք չպիտի՞ հրաժարական տան։
Մարուքյան․ - Այ սա կարևոր ֆունդամենտալ հայտարարություն է։ Տեսեք, ի՞նչ է տեղի ունեցել։ Ոչ ոք չի ասում, որ այդ զինվորականությունը թերություն չունի, ոչ ոք չի ասում, որ նրանք սխալներ թույլ չեն տվել, դրա համար առաջարկում էի ստեղծել պարիտետային հանձնաժողով։ Բայց վարչապետը ինչ է արել՝ վարչապետն ասում է՝ «միայն իրենք են մեղավոր, միայն իրենք պետք է դատվեն», այսինքն՝ «մենք բոլորս անմեղ ենք», ինքը ասում է, «միայն էս մարդիկ են մեղավոր»։ Դրա համար էլ էս մարդիկ էլ ասում են՝ «մի րոպե, այսինքն՝ էս քավության նոխազ օպերացիա ե՞ս իրականացնում»։ Եվ էդտեղ է եղել բանավեճը։ Նրանց բողոքը ընդդիմության հետ կապ չունի, իմ հետ կապ չունի, մյուսների հետ կապ չունի՝ էդ բողոքը առաջացել է այն պահից սկսած, երբ որ Զինված ուժերում սկսվել է 1300 քրեական գործերի հարուցում, որի որևէ մի գործով վարչապետը կամ արտգործնախարարը չի անցնում՝ որպես բանակցություններ տապալած, պատերազմը սադրած մարդիկ։ Էդ ո՞նց եղավ, այսինքն՝ պատերազմի դրվագները ուզում են քննեն, ամբողջ պատերազմի պարտությունը չեն ուզում քննեն։ Էդ մարդիկ էլ ասում են՝ «եղբայր, քավության նոխազ ե՞ք փնտրում ի դեմս մեզ»։
Սա է, վեճի առարկան սա է՝ անարդարություն է տեղի ունենում, այսինքն՝ բոլորը մեղավոր են, բայց բոլորին թողած՝ մի խմբի, կամ մի անձի մասին է խոսք գնում, որ՝ «չէ, էս անձն է մեղավոր»։
Հիմա ի՞նչն է խնդիրը էստեղ։ Եթե բոլորով պարտվել են, բոլորն ընդունում են, որ բոլորով պարտվել են, գնում են առաջ, վերականգնում են բանակը և ամեն ինչ։ Բայց երբ որ էդ պրոցեսի կեսից վարչապետը կանգնում է ասում է՝ «չէ, բոլորով չենք պարտվել, մենակ դուք եք պարտվել», որովհետև հասկանում է, որ էս բեռը մնում է նաև իր վրա, մարդիկ էլ էդտեղ ասում են՝ «եղբայր, դե ուրեմն չեղավ, սա անարդար պրոցես է», և «ստոպ» ձայն է հնչում, սիգնալ է՝ գլխավոր շտաբի հայտարարությունը սիգնալ է, որ տեղի է ունենում անարդարություն։ Հիմա, էդ անարդարության դեմն առնելու պրոցեսները ո՞րն են․ միակ վերջնական լուծումը՝ դա ընտրություններով հասնել մի պրոցեսի, որտեղ երևում է՝ ով ով է։ Հիմա կգնանք ընտրությունների, նոր իշխանությունը կորոշի՝ ով է գլխավոր շտաբի պետ։ Եթե նոր ընտրություններ են լինում, որևէ մեկի մոտ հարց չի առաջանալու՝ ժողովուրդն է որոշելու։ Էդ որ ամեն օր ասում են՝ «ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է որոշում», հիմա ինչի՞ չեն ուզում ժողովուրդը որոշի։ Թողեք գլխավոր շտաբը իր տեղում՝ մարդիկ զբաղվեն իրենց գործով; Հիմա էլ են զբաղվում իրենց գործով՝ գլխավոր շտաբը հենց հիմա՝ պետը, բոլորը, ովքեր որ կան, ծառայում են և իրենց պարտականությունները պատշաճ, 100 տոկոսով կատարում, այդ հայտարարության հետ ոչ մի կապ չունի, այսինքն՝ Զինված ուժերը իր գործը անում է ամենօրյա ռեժիմով։ Պետք է թողնել իրենց գործը անեն, մենք գնանք ընտրությունների։
Հասկանո՞ւմ եք՝ վարչապե՛տը պետք է էստեղ զիջման գնա։ Էստեղ հարց է առաջանում՝ բա ո՞նց զիջի վարչապետը, բա ո՞նց կլինի՝ ինքը զիջի, իր հրաժարականն են պահանջում։ Կներեք, բա էս երկրում ո՞վ պետք է զիջի՝ պետք է զիջի նա, ով որ իշխանության ղեկին է, ով որ ամենահզորն է՝ ի պաշտոնե, իր դրությամբ, նա՛ պետք է զիջի, նա՛ պետք է լայնախոհություն դրսևորի։ Այսինքն՝ իշխանությունը չի ուզում զիջի, ուզում է գեներալները զիջեն, ընդդիմությունը զիջի, չգիտեմ, փողոցում հավաքված մարդիկ զիջեն, բոլորը զիջեն՝ բացի իրենից։ Չի կարող ճգնաժամը հանգուցալուծվել էդպես։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․
Փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրեց գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը։ Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։ Նախագահը մարտի 2-ին հայտարարեց, որ որոշել է չստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիշը և առանձին դիմումով դիմել Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։