Մատչելիության հղումներ

«Բանակին հանգիստ թող, գնանք ընտրությունների». Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ քննարկելու է այս առաջարկը


«Այդ մարտահրավերը ես նետում եմ խորհրդարանական ընդդիմությանը, եկեք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - վարչապետ Փաշինյանն արտահերթ ընտրությունների էջը բացում է Գլխավոր շտաբի իր հրաժարականը պահանջելու հինգերորդ օրը։ Իշխող ուժը մեկ ամիս առաջ էր փակել այս թեման լայն հանրության ու ընդդիմության շրջանում պահանջարկ չլինելու հիմնավորմամբ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Վարչապետն այսօր զանգահարել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, առաջարկել հանդիպել ու ընտրությունների հարցը քննարկել: Մարուքյանն ընդունել է առաջարկը:

«Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպում՝ քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք հիմա խոսում ենք. իմ առաջարկը, իր առաջարկը», - նշեց Մարուքյանը:

Պատգամավոր Մարուքյանը մինչև կառավարությունից զանգ ստանալը Փաշինյանին պայման էր առաջարկում՝ վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հուշագիր կստորագրի, եթե Փաշինյանը հանգիստ թողնի կառավարության հրաժարականը պահանջող զինվորականներին, հետ վերցնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, պաշտոնում վերականգնի Գասպարյանի տեղակալ Տիրան Խաչատրյանին:

Ընդդիմադիր պատգամավորը վստահեցնում է՝ ոչինչ չի փոխվել, Փաշինյանի հետ այս առաջարկն է քննարկելու. «Իմ հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, ես իմ խոսքի տերն եմ: Ես առաջարկ եմ արել, առաջարկին չի եղել հասկանալի հոդաբաշխ արձագան»:

Փաշինյանը տարեվերջին էր հանդիպել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին արտահերթ ընտրությունների օրակարգով։ Առաջարկել էր հուշագիր ստորագրել, որ իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չեն առաջադրի ու իշխող ուժի հետ երկու անգամ չեն ընտրի վարչապետ, Ազգային ժողովն օրենքի ուժով կլուծարվի։ Փաշինյանի օրակարգը մերժել էին։ Մարուքյանն ասում է՝ հուշագիր ստորագրելու պարտադրանքն էլ է նախապայման, հետևաբար պետք է քննարկեն նաև ընդդիմության նախապայմանը։

«Այդ առաջարկն ամբողջական է, չունի մասեր և այդ առաջարկը պետք է քննարկել: Դուք մտածում եք, որ ես գնալու եմ ու իմ խոսքից հետ կանգնե՞մ: Հուշագիր ստորագրելն արդեն նախապայման է: Ես էլ վարչապետին եմ առաջարկում՝ դու բանակի հետ հակադրվելով լարում ես ներքաղաքական իրավիճակը, հետևաբար, պետք է բանակին հանգիստ թողնենք և գնանք ընտրությունների», - նշեց Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանը երեկ իր հանրահավաքում հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած Գլխավոր շտաբը իր հրաժարականն է պահանջում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ, Մարուքյանի պայմաններից է նաև, որ Փաշինյանը հրապարակի իր հայտարարությունը փաստող ապացույցներ. «Ես իմ երեկվա հայտարարությունը նորից պնդում եմ, որ այդ ապացույցները պետք է հրապարակվեն»:

Իսկ եթե վարչապետը իր պայմանները չընդունի, նրա հետ արտահերթ ընտրությունների հուշագիր կստորագրի՞, մինչև հանդիպումը Մարուքյանը դժվարանում է այս հարցին պատասխանել. «Դուք հիմա ինձանից ուզում եք բանակցության արդյունքը դեռ չբանակցած, ո՞նց եք պատկերացնում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, արխիվ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, արխիվ

Արդյոք Ազգային ժողովի մեծությամբ երկրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը» խմբակցությունը ևս ստացել է վարչապետի հետ հանդիպման առաջարկ։ Թե՛ կառավարությունից, թե՛ ԲՀԿ-ից հստակ տեղեկություններ չեն հայտնում։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասում է՝ արտահերթ ընտրությունների Փաշինյանի մարտահրավերը խմբակցությունում չեն քննարկել, առաջարկներից տեղյակ չեն:

«Ընտրությունների չեն գնում պայմանով, որ պայման է դրվում հուշագիր կամ ինչ-որ պայմանագիր կնքենք, թող աշխատի Սահմանադրությունը: Կտա՞ հրաժարական, երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ խորհրդարանն իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու, թող աշխատի, եթե իրենք վստահ են իրենց խմբակցության ձայների վրա, թող հրաժարական տա, գնան, արտահերթ ընտրություններ լինի», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

ԲՀԿ-ն վարչապետի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հետ Բաղրամյան պողոտայում շարունակում է շուրջօրյա անհնազանդության ակցիաները:

Իշխող ուժը բավարար ձայներ ունի սահմանադրական կարգով ընտրություններ նշանակելու համար, ասում է Միքայել Մելքումյանը։ Եթե ցանկանում են, կարող են կազմակերպել առանց ընդդիմադիրներին պայմաններ թելադրելու:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արխիվ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արխիվ

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ համամիտ է՝ երկրում ներքաղաքական լարված իրավիճակի հանգուցալուծումը ընտրություններն են, բայց ոչ Փաշինյանի վարչապետությամբ։ Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ Փաշինյանը չի կարող լինել արդար ընտրությունների երաշխավոր։ Նա վերջին երկու օրը բոլորի աչքի առաջ վարչական ռեսուրսների գործադրմամբ քաղաքացիներին բերման ենթարկեց Հանրապետության հրապարակ՝ իր ցույցին մասնակցելու։ Այդպես էլ գործի կանցնի ընտրությունների օրը, ասում է ընդդիմադիր պատգամավորը։

«Ինքը ինչպես կազմակերպեց, վարչական ռեսուրս կիրառելով բերման ենթարկեց մարդկանց, այդպես էլ ինքը կիրառելով վարչական ռեսուրս, ահաբեկելով, սպառնալով, կաշառելով մարդկանց տանելու է ընտրական տեղամաս: Նիկոլ Փշինյանը չի կարող այլևս լինել Հայաստանում ազատ և արդար, որևէ գործընթացի, կլինի դա ընտրություն, կլինի դա հանրաքվե, որևէ գործընթացի կազմակերպիչ», - նշեց Զոհրաբյանը:

Մինչև Գլխավոր շտաբի կառավարության հրաժարականը պահանջելը, թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերից հայտարարում էին Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններին դեմ են, բայց եթե իշխանությունը գնա նման հանգուցալուծման, կմասնակցեն։

XS
SM
MD
LG