Մատչելիության հղումներ

Փաշինյան - Մարուքյան հանդիպմանը արտահերթ ընտրությունների հարցով համաձայնություն ձեռք չի բերվել


«Արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ համաձայնություն ձեռք չբերվեց», - Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մոտ մեկ ժամ տևած բանակցություններից հետո հայտարարեց ԱԺ-ի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պայմանավորվել են կրկին բանակցել «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը պարզ դառնալուց հետո։

Դեռ մեկ ամիս առաջ հասարակության շրջանում արտահերթ ընտրությունների պահանջ չտեսնող իշխանությունը, թեման նորից բացեց, երբ բարձրաստիճան զինվորականները՝ ԳՇ-ի պետի գլխավորությամբ, պահանջեցին վարչապետի հրաժարականը։

Թե՛ Ծառուկյանը, թե՛ Մարուքյանը տարեվերջին մերժել էին հուշագրով ամրագրել իր հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրելու Փաշինյանի առաջարկը։ Բայց մի քանի օր առաջ «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը հայտարարեց, որ պատրաստ են թեկնածու չառաջադրել ու արտահերթի գնալ՝ եթե վարչապետը հետ վերցնի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իր հրամանագիրը։

«Ազատության» հարցին, թե ինչու համաձայնությունը չկայացավ, արդյո՞ք ինքը առաջադրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ չանելու պահանջը, Մարուքյանն արձագանքեց․ - «Վարչապետը երկու հարցը իրար հետ չի կապում։ Մենք երկու հարցը իրար հետ ենք կապել։ Օրինակ, մեկը ես չեմ պատկերացնում առանց Գլխավոր շտաբի խնդիրը լուծելու արտահերթ ընտրություններ։ Բայց ուզում եմ օր առաջ արտահերթ ընտրություններ լինի։ Դրա համար առաջարկում էի, որ էկեք կոնսենսուսի գանք, էս մասը դադար տանք, թողնենք ընտրություններից հետո դա զբաղվելու հարց, և գնանք առաջ․․․ Վարչապետը ասում է, որ այդ խնդիրները պետք չի կապել իրար»։

«Ազատության» հարցին, թե արդյոք իրենք պատրաստ են բանակցությունների երկրորդ փուլում հրաժարվել իրենց նախապայմանից, Մարուքյանն արձագանքեց․ - «Ես չգիտեմ երկրորդ փուլում բանակցությունների մենք ինչ կունենանք։ Ես հույս ունեմ, որ բոլորը կունենան իմաստնություն՝ թե՛ իշխանությունում, թե՛ Զինված ուժերում, թե՛ փողոցում քայլող մարդիկ, բոլորս կունենանք իմաստնություն, որ էդ բանակցությունների երկրորդ փուլում․․․ չեմ ուզում վատ բաներ ասեմ, ինչ-որ արհավիրք չլինի, նոր գանք խոսենք դրա մասին։ Ես հույս ունեմ, որ ինչ-որ ձևով ինչ-որ ճանապարհ գտնելու ենք։ Հիմա էդ ճանապարհը ոնց կգտնենք, դեռ չգիտեմ։ Բայց ես պատրաստ եմ էդ ճանապարհը գտնելու, էդ կամքը կա։ Ես հույս ունեմ, որ իմ ներկայացրած խնդիրների վերաբերյալ էլ վարչապետը կմտածի մինչև մյուս հանդիպում։ Որքանով որ հասկանում եմ, կլինի նաև հանդիպում մեր գործընկեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Պետք ա լինի հանդիպում նման, որովհետև միայն «Լուսավոր Հայաստանով», միայն մեր դիրքորոշումով չի կարող պրոցեսներն առաջ գնալ, և խորհրդարանը չի կարող ցրվել»։

Ի պատասխան հարցին, թե արդյոք Փաշինյանն ունեն նախապայման, Մարուքյանն ասաց․ - «Կառավարության նախապայմանը հուշագիրն ա»։

Օր առաջ արտահեթի կազմակերպման կողմնակից Մարուքյանը այսօր նաև ընտրությունների ժամկետների վերաբերյալ է առաջարկ արել. – «Ես հաշվել եմ․ եթե մարտի 8-ին հրաժարական տա, ապրլի 25 կամ մայիսի 2 կլինի ընտրություններ։ [Փաշինյանին] Ներկայացրել եմ»։

Փաշինյան – Մարուքյան հանդիպումից հետո կառավարության աշխատակազմը չորս ու կես րոպեանոց տեսանյութ տարածեց։ Իսկ հանդիպումը, հիշեցնեմ, մոտ մեկ ժամ տևեց։

Մարուքյանն այդտեղ հայտարարում է, թե արտահերթի վերաբերյալ համաձայնության չեն կարող գալ, քանի դեռ բանակի խնդիրը հանգուցալուծված չէ:

Վարչապետն իր հրաժարականը պահանջող զինվորականներին տարածված տեսանյութում չի անդրադառնում, խոսում է բացառապես արտահերթից. – «Եթե խորհրդարանական ուժերը ի վերջո կայացնեն որոշում արտահերթ ընտրություններ անցկացնելու և դրա շուրջ մեկ-երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, կարող ենք համարել, որ հարցը լուծված է։ Կփորձենք հասնել մի լուծման, որը համարվի կոնսենսուսային։ Գուցե Հանրապետության նախագահին նույնպես ներկայացնենք իրավիճակը, որպեսզի այս շրջափուլում նա նույնպես իր դիրքորոշումը արտահայտի և ինչ-որ առումով դառնա գործընթացի մեր պայմանավորվածությունների իրականացման երաշխավորը»։

Մինչև այս պահը պարզ չէ, թե արդյոք նաև «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ էլ կլինեն բանակցություններ և երբ։ Վարչապետն ասել էր՝ խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին է հրավեր հղել։ Բայց ո՛չ կառավարությունից հնարավոր եղավ պարզել, ո՛չ էլ 24 հոգանոց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում էին տեղյակ՝ Ծառուկյանը ընդունե՞լ է հրավերը։ Եթե այո՝ ե՞րբ կկայանա Փաշինյան – Ծառուկյան հանդիպումը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից Միքայել Մելքումյանն ասաց․ - «Հանդիպման մասին տեղյակ չեմ, չեմ կարող որևէ բան ասել։ Բայց ես էլ եմ լսել, որ էդպիսի հայտարարություն արվել է։ Մենք դեռ չենք քննարկել»։

Մարուքյանը Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ չանելու պայման է դրել։ Հայրենիքի փրկության շարժմանը միացած ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն էլ Վազգեն Մանուկյանն է։ Արդյո՞ք Ծառուկյանի ղեկավարած ուժը պատրաստ է իշխանության հետ հուշագիր ստորագրել ու հրաժարվել Փաշինյանի հրաժարականի դեպքում Մանուկյանի թեկնածությունը առաջադրելու ծրագրերից, իսկ Մարուքյանը՝ իր նախապայմանից։ Այս հարցերը դեռ պատասխան չունեն։

Իսկ ի՞նչ կանի իշխանությունը, կգնա՞ արտահերթի՝ անկախ ընդդիմադիրների որոշումից։ Իշխանական «Իմ քայլում» այս պահին նախընտրում են չպատասխանել հարցին։

«Սպասենք այդ երկրորդ փուլի արդյունքների արձանագրման, այնուհետև մենք մեր քայլերի մասին կխոսենք», - ասաց իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG