Իրանում հայտնված հայկական օդանավի դեպքով ԱԱԾ-ում քրգործ է հարուցվել

Իրանում հայտնված հայկական օդանավի դեպքով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն, հայտնում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ նշելով, որ իր կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին:

Քաղավիացիայի կոմիտեն նաև տեղեկացնում է, որ ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանում՝ օդանավը Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։

Ըստ Կոմիտեի, արդեն ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։

Հիշեցնենք, որ վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հայկական գրանցում ունեցող ամերիկյան արտադրության Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել է Թեհրանում:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորել է այս հարցին առնչվող բոլոր կողմերին անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցներն, ըստ դեսպանության, կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»-ը, ըստ Քաղավիացիայի կոմիտեի, անցած տարի է հիմնվել՝ ստանալով օդանավավ շահագործողի վկայական։ Իսկ Քաղավիացիայի կոմիտեի ռեեստրում նույն Boeing B737-300 օդանավն անցած տարեվերջին է գրանցվել։