Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, Արարատ Միրզոյանը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման մեկնարկը Հայաստանում համընկել է հետպատերազմական շրջանի հետ։ Անդրադառնալով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ խորհրդարանի խոսնակը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմը օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց: Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Մինսկը այս հարցի կապակցությամբ կունենա իր միանշանակ տեսակետը և կփորձի նպաստել ռազմագերիների շուտափույթ վերադարձին:
Դեսպանը կարևորել է Արցախում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը և հավաստիացրել, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերն՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխգործակցության ակտիվացման հարցեր:
Նշենք, որ հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ գերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69-ը։