«Ենթադրվում է, որ դրանք հուղարկավորված են եղել կամ հայտնաբերվել են հենց այդ շրջաններում, որոնք հիմա գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս։ Ենթադրվում է, որ եղել է Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Հադրութի շրջաններից», - նշեց Թադևոսյանը։
Օրերս Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Սառաջյանն «Ազատությանը» ասել էր՝ Արցախում կասկածներ կան, որ ադրբեջանական կողմը այս պատերազմի ընթացքում և դրան հաջորդող շրջանում մասսայական հուղարկավորություններ է կատարել։
«Մշտապես բանակցություններ են տարվում նաև խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Ադրբեջանի հանրապետության հետ, որպեսզի բոլոր այդ հնարավոր վայրերը բացահայտվեն և եթե կան հուղարկավորված, հատկապես մասսայաբար հուղարկավորված զինծառայողների աճյուններ, դրանք ևս փոխանցվեն մեզ», - ասել էր Սառաջյանը։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության խոսնակը չի բացառում, որ 106-ի մեջ լինեն նաև քաղաքացիական անձինք։ Թադևոսյանի տեղեկացմամբ, բոլորի մարմիններն անճանաչելի են եղել, առաջիկայում՝ դատաբժշկական փորձաքննություններից հետո, նրանց ինքնությունը պարզ կդառնա․ - «Քանի որ արտաշիրիմում է կատարվել, մարմինները հիմնականում հողոտ էին։ Ընդհանուր մարմինը կար, բայց դեմքը անճանաչելի էր, անգամ կար քաղաքացիական հագուստով անձ, որի ինքնությունը պարզ չէ անգամ կին է, թե տղամարդ։ Բայց տեսանք հեռախոս կար այնտեղ, կար փաստաթուղթ, և քննչական մարմինը անպայման այդ հարցով կզբաղվի։ Բոլոր նրանց, ում ինքնությունը պարզ կլինի, նախապես կհայտարարեն, կամ կսպասեն դատաբժշկական փորձաքննության պատասխանին»։
Թադևոսյանն ասաց, որ հայկական կողմը ևս մի քանի տասնյակ ադրբեջանցիների աճյուններ է փոխանցել․ - «Մենք ևս այս ընթացքում արտաշիրիմում ենք արել և ադրբեջանցի զինվորականների դիերը փոխանցել ենք Ադրբեջանին։ Սա մարդասիրական ծրագիր է երկու հակամարտ երկրների միջև, որի միջնորդը ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն են»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնելով 106 աճյունների վերադարձի մասին՝ նշել էր նաև, որ վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են:
Բացի այդ, կողմերը երկուստեք սկսել են ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ հայկական կողմը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Շուշիի մերձակայքում Ադրբեջանին էր փոխանցել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհայտ կորած համարվող 7 անձանց աճյուններ։
Սրան նախորդել էր Արայիկ Հարությունյանի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ հանդիպումը։ Սա առաջին հանդիպումն էր, որի ընթացքում պաշտոնյաները քննարկել էին գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շուրջ 4-ամսյա որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել կամ Ադրբեջանի կողմից փոխանցվել է 44-օրյա պատերազմում զոհված 1485 աճյուն։ Այսօր ադրբեջանական կողմը առանց բացատրության՝ դադարեցրել է հայ փրկարարների կողմից անցկացվող որոնողական աշխատանքները։