Խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել հայտարարության մի նախագիծ, որով առաջարկվում է դատապարտել գերության մեջ գտնվող զինվորականների ու քաղաքացիականների հայրենադարձումը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը:
Հեղինակները պատերազմից հետո Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլից» դուրս եկած ու հիմա որևէ խմբակցությունում չընդգրկված 3 պատգամավորներ են` Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Վարդան Աթաբեկյանը: Պնդում են`պահելով գերիներին` Ադրբեջանը քաղաքականացնում է մարդասիրական գործընթացը, ձգձգելով նրանց վերադարձը` խախտում ստանձնած միջազգային պարտավորությունները, ուստի պետք է արժանանա միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների խիստ գնահատականին ու դատապարտմանը: Այս ձևակերպումները նաև հայտարարության նախագծում են տեղ գտել։
Հեղինակներից Թագուհի Թովմասյանն «Ազատությանը» փոխանցեց` նախագիծը համաձայնեցրել են նաև Արտգործնախարարության հետ, որպեսզի չվնասեն գերիներին. «Հայաստանի խորհրդարանը` որպես առաջնային մանդատ ունեցող մարմին, պետք է իր քաղաքական գնահատականը տա: Եվ այս իմաստով ես կարծում եմ` մի փոքր էլ մենք ուշացել ենք, որովհետև անընդհատ մտածում ենք` լավ, մի քիչ այնպիսի իրավիճակ գուցե ստեղծվի, որ հանկարծ վտանգվի գերիների վերադարձման գործընթացը, բայց ես կարծում եմ` ամենևին այդ խնդիրը մենք չունենք, որովհետև այսպես թե այնպես Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները, հենց իր կողմից ստանձնած պարտավորությունները, ու որևէ, ըստ էության, պատժիչ գործողության մենք ականատես չենք լինում այդքան կոնվենցիաների խախտմանը»:
Ազգային ժողովը նաև դեկտեմբերի սկզբին էր ուղերձ հղել միջազգային հանրությանը՝ կոչ անելով հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հանձնել հայ ռազմագերիներին ու անազատության մեջ հայտնված քաղաքացիական անձանց։ Այսօր Թագուհի Թովմասյանն ասաց՝ միջազգային հանրությունից ակնկալում են, որպեսզի պարտադրեն Ադրբեջանին կատարել պարտավորությունները. «Ես կարծում եմ, որ ոչինչ չանելու դիմաց լավ է` մի քայլ անենք, որովհետև եթե մենք չենք դատապարտում, մենք ինչպե՞ս ենք ուրիշից պահանջում դատապարտել այդ գործընթացը: Առաջին հերթին մենք պիտի անենք, հետո նոր պահանջենք հարևան-բարեկամ մյուս բոլոր երկրներից իրականացնել այդ քայլը»:
Որպեսզի հայտարարության նախագիծն ընդունվի, առնվազն 67 կողմ ձայն է անհրաժեշտ, այսինքն` իշխանական մեծամասնությունը պետք է կողմ լինի: Մինչև նախագիծը շրջանառության մեջ դնելը, ասաց Թովմասյանը, քննարկումներ անցկացրել են իշխող ուժի ներկայացուցիչների հետ։ Մոտեցումը դրական էր։ Եղել է միայն մի խնդրանք. «Որ եկեք, նիստն անենք դռնփակ` հաշվի առնելով այդ ռիսկերը: Մենք քննարկումը կկազմակերպենք դռնփակ, որովհետև մեր նպատակն էլ ի վերջո ոչ թե աղմուկ բարձրացնելն է գերիների թեմայով, այլ խորհրդարանի միասնական ձայնն արտացոլելը հայտարարության տեքստում, դրա համար մենք թերևս կընդառաջենք, և մենք էլ կքվեարկենք, որ այդ դռնփակ ռեժիմը լինի, բայց արդեն հայտարարության ընթերցումը կլինի բաց ռեժիմով, և բոլորը կտեսնեն: Եվ ես չեմ կարծում, որ մեր խորհրդարանում կա մեկ պատգամավոր, որը դեմ կարտահայտվի, որ մենք Ադրբեջանին դատապարտենք»:
Ո՞ւմ հետ է եղել զրույցը, Թովմասյանը, մասնավորապես, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխող ուժից Վլադիմիր Վարդանյանի անունը տվեց։ Վարդանյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք «Իմ քայլը» որոշում ունի՝ ինչպես կքվեարկի հայտարարության նախագծին։ Հեղինակները հույս ունեն, որ այն ամենայն հավանականությամբ կլինի մարտի սկզբին մեկնարկող քառօրյայի օրակարգում։
Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ խոչընդոտ չի տեսնում, որ հայտարարությունն ընդունվի. «Արդյոք ինչ-որ մեկը կարող է դեմ արտահայտվել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արագ հայրենադարձման դեմ, չկա նման խնդիր ևս մեկ անգամ միջազգային հանրությանը ուշադրությունը կհրավիրվի այն հանգամանքի վրա, որ մենք հանձինս Ադրբեջանի ունենք պետություն, որը չի ցանկանում կատարել իր միջազգային պարտավորությունները ժնևյան կոնվենցիաներով ստանձնած»:
Երեկ հեռախոսով զրուցել էին Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները, որի ընթացքում Փաշինյանը Պուտին փոխանցել էր մտահոգություն, թե Ադրբեջանը լիարժեք չի կատարում եռակողմ հայտարարության՝ գերիների շուտափույթ վերադարձի պահանջը։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող անձանց հստակ թիվ չկա, միայն մոտավոր հաշվարկներ են հնչեցնում գերիների հարցերով զբաղվող փաստաբանները, թե մոտ 200-ն են։ Մինչ այժմ Հայաստան են վերադարձվել 69-ը՝ և՛ զինվորականներ, և՛ խաղաղ բնակիչներ, վերջին անգամ՝ փետրվարի 10-ին։
Պաշտոնյանները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել՝ արդյոք նոր խմբի վերադարձի մասին կան պայմանավորվածություններ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կարծում է՝ խորհրդարանի ընդունած դատապարտող հայտարարությունը միջազգային հանրության ուշադրությունը գերիների հարցի վրա կարող է սևեռել մի պարագայում՝ եթե ընդունմանը նախորդել է դիվանագիտական աշխատանքը։ Ասում է՝ ինքն այժմ լսում է հատվածական գնահատակններ, շոշափելի արդյունքներ չի տեսել, ուստի համարում է, որ իշխանության դիվանագիտական ջանքերն անբավարար են. «Որքան նման հայտարարությունները հաճախակի լինեն առանց հետևանքների, այնքան արժեզրկվելու է Ազգային ժողովի դերը»: