ՀՀ ԱԽ քարտուղարն Ադրբեջանի հետ հետագա հարաբերությունների հարցում կարևորում է գերիների խնդրի լուծումը

Հայաստանի անվտանգության խորհրդի (ՀՀ ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու կոնտեքստում շատ կարևոր է գերիների հարցի լուծումը։ Գրիգորյանն ընդգծում է՝ հետագա գործողությունների տրամաբանությունը գալիս է Ադրբեջանից։

Բաքվի և Անկարայի հետ Երևանի հետագա հարաբերություններից է «Ազատություն»-ը զրուցել Արմեն Գրիգորյանի հետ։ Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Մենք ինչպիսի՞ հարաբերություններ ենք կառուցելու Ադրբեջանի հետ։

Արմեն Գրիգորյանը․ - Նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր տարածաշրջանի տրամաբանությունն այն է, որ գնում ենք ապաշրջափակման և ապաշրջափակումը նաև նշանակում է որոշակի պարտավորություններ։ Այս պահին Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու կոնտեքստում շատ կարևոր է, օրինակ, գերիների հարցի լուծումը։ Դժվար է որևիցե հարց քննարկել, եթե լուծված չէ գերիների հարցը։ Այստեղ ավելի շատ Ադրբեջանից է գալիս հետագա գործողությունների տրամաբանությունը, վարքագիծը, որը կդրսևորի Ադրբեջանը, ըստ դրա էլ մենք տարածաշրջանում կկարողանանք առաջ գնալ։

«Ազատություն»․ - Ռազմագերիների հարցն ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս պետք է լուծվի։

Արմեն Գրիգորյան․ - Դա ամենանուրբ հարցն է, որը որոշակի չափով ներքաղաքական դառնալով իր հետ բարդություններ է առաջացրել։ Իշխանությունն ամեն օր նույնիսկ առանց մեկ վայրկյան կորցնելու այս ուղղությամբ աշխատանքներ է տանում։ Իհարկե շատ մասը տեսանելի չէ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ մեծ ջանք է գործադրվում այս խնդիրը լուծելու համար։ Պարզապես խոչընդոտներ են ստեղծվել նաև հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը։ Ես հուսով եմ, որ հնարավորինս արագ մենք կկարողանանք էս հարցին լուծում տալ։

«Ազատություն»․ - Շատերն այն կարծիքին են, որ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան և դեպի Իրան,Պարսից ծոց, երբ որ Հայաստանն արդեն մուտք ունենա՝ երկաթգիծը բացվի, ավտոմայրուղիները բացվեն Թուրքիայի համար անիմաստ կդառնա հայ-թուրքական սահմանի փակ պահելը, և չեն բացառվում, որ այս ուղղությամբ նույնպես ինչ-որ զարգացումներ լինեն՝ ի վերջո բացվի հայ-թուրքական սահմանը։ Նաև այս հարցի հետ կապված օրերս արտգործնախարար Արա Այվազյանի արված հայտարարությունը Ազգային ժողովում, որ «Թուրքիան այլևս պատճառներ չունի փակ պահելու այդ սահմանը»։ Հայաստանի իշխանություններն ի՞նչ են սպասում այս ուղղությամբ, կամ ի՞նչ աշխատանք են տանում, կամ մի՞գուցե կան արդեն բանակցություններ։

Արմեն Գրիգորյան․ - Իսկապես կարելի է ասել, որ տարածաշրջանում ինչ խոչընդոտներ եղել են, որպեսզի Թուրքիան սահմանը բացի, կարծես թե իրողությունները փոխվել են, և եթե իսկապես ցանկություն ունի Թուրքիան սահմանը բացելու, ապա բնականաբար պետք է այդ ուղղությամբ գնալ և հավելյալ որևիցե պահանջ ներկայացնելու իմաստ չկա հարաբերություններ կառուցելու համար, եթե իսկապես ցանկություն կա, որովհետև եթե ցանկություն կա և խնդիր է առաջ բերվում, եթե այդ խնդիրը գոյություն չունի, ապա տրամաբանական է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Այս առումով ավելի շատ պետք է տեսնենք, թե Թուրքիան ինչպիսի քայլեր է ձեռնարկում, քանի որ իրողություններ են փոխվել, պետք է ըստ դրա տրամաբանության քայլել։

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև