Մատչելիության հղումներ

Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը, հայտարարում է արտգործնախարարը  


Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի փակ պահելու Հայաստանի հետ սահմանը, այսօր խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց արտգործնախարար Արա Այվազյանը՝ ըստ էության ակնարկելով, որ Հայաստան-Ադրբեջան ճանապարհների սպասվող վերագործարկումից հետո պաշտոնական Երևանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը վերաբացվի։

Միևնույն ժամանակ արտգործնախարարն ընդգծեց՝ հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցով ներկայում Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և նախ և առաջ խոսքը գնում է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը: Ինչպես գիտեք, շրջափակումը` սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում տեղի ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ: Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որպեսզի մեր շուրջը, մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»:

1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ: 1993թ. Թուրքիան միակողմանի փակեց օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ, օդային սահմանը, սակայն, վերաբացվեց 1995-ին: Հայ-թուրքական ցամաքային սահմանի վերաբացման համար նախորդ շուրջ երեք տասնամյակներում Անկարան հայկական կողմից պահանջում էր Ադրբեջանին հանձնել Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանները, որոնք արդեն Բաքվի վերահսկողության ներքո են անցած տարվա արցախյան պատերազմի հետևանքով։

Վերլուծաբանները չեն բացառում, որ Հայաստանի հետ սահմանի վերաբացման համար Անկարան Երևանից կպահանջի հրաժարվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանն աջակցելուց, ինչպես նաև ընդունել Թուրքիայի սահմանները։ Միաժամանակ, սակայն, նշում են, որ Հայաստան-Ադրբեջան ճանապարհների վերագործարկումից հետո Անկարայի համար անիմաստ է Հայաստանի հետ ցամաքային սահմանը փակ պահելը։

Խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր անդրադարձավ Ադրբեջանի հետ սահմանին, շփման գծում առկա իրավիճակին՝ հայտարարելով, թե դեկտեմբերից ի վեր հայկական կողմն ունի մեկ վիրավոր. «Դեկտեմբեր ամսից մինչ այսօր մենք չունենք որևէ մի սպանություն շփման գծում և ունենք մի վիրավոր Շուշիում: Այս ընթացքում որևէ միջադեպ, որը ֆիքսվել է մեր կողմից, չկա: Զինադադարի խախտում եղել է, օրինակ` օրական 5 փամփուշտ է կրակվում, բայց ոչ ուղղված մեր դիրքերին: Բոլորն օդ են կրակում, և բոլոր այդ դեպքերը մենք ֆիքսում ենք, գրանցում ենք և փոխանցում ենք, եթե Ղարաբաղի հատվածում է, խաղաղապահ ուժերին: Իրենք քննություն են իրականացնում և հետո ներկայացնում են: Այսօր ես հանդիպել եմ խաղաղապահ ուժերի հրամանատար Մուրադովի հետ և այդ հարցը իրեն տվել եմ, որ կան դեպքեր, որ ոչ ուղղված են մեր դիրքերի, կամ մեր զինվորների, կամ բնակիչների դեմ, բայց կան, ո՞նց ենք մենք ծավալվելու: Ինքը նույն հարցը դրել է Ալիևի առջև, որ կան այսպիսի դեպքեր, ո՞նց ենք դա գրանցում, և մոտեցումը ձևավորված է հիմա: Այնպես որ, խնդիրը հետևյալն է` կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում ենք խաղաղապահ ուժերին»:

XS
SM
MD
LG