2016 թվականի ապրիլյան պատերազմը կանգնել է Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի խոստումների հետևանքով, որոնք ունեցել են ժամանակացույց՝ ըստ որի այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեին, և այդ խոստումները գոհացրել են Ադրբեջանին, որն էլ շուրջ հինգ տարի առաջ համաձայնել է կանգնեցնել ռազմական գործողությունները, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Արմեն Գրիգորյան. - Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով: Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի չափով ժամանակացույց էր ենթադրում և այդ ժամանակացույցը որոշակի չափով ամառվա ընթացքում էր, ամառվա ընթացքում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով Սերժ Սարգսյանը ևս որոշակի չափով հետաձգում է մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության տրանզիցիայի հետաձգում, բայց այդ մարդը, բազմաթիվ այդ խոստումները տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի Հանրապետության համար, լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է, որ «ես պատրաստ էի ստորագրելու, ես պատրաստ էի ինչ-որ քայլերի», մինչդեռ ես հստակ ասեմ, որ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ:
«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, ի՞նչ խոստումներ է տվել Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո:
Արմեն Գրիգորյան. - Երևի դա Սերժ Սարգսյանը կարող է ավելի հստակ ասել, բայց ապրիլյան պատերազմը կանգնել է, և դրան հետևել էր ժամանակացույց, ըստ որի պետք է այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին:
«Ազատություն». - Այսինքն՝ դրանք տարածքները վերադարձնելո՞ւ խոստումներ են:
Արմեն Գրիգորյան. - Դրանց մասին երևի կարող է Սերժ Սարգսյանն ավելի հստակ խոսել:
«Ազատություն». - Բայց ամեն դեպքում կարո՞ղ ենք ասել, որ այդ խոստումները գոհացրել են ադրբեջանական կողմին:
Արմեն Գրիգորյան. - Եթե Ադրբեջանը կանգնել է, բնականաբար, պետք է որ գոհացրած լինեն:
«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պնդեց, թե 2016 թվականի ապրիլին ռազմական գործողությունները դադարեցին, քանի որ ադրբեջանական կողմը ուժեղ հակահարված ստացավ և կրելով մեծ կորուստներ ստիպված եղավ նստել բանակցային սեղանի շուրջ՝ հերքելով, թե ինքը բանավոր խոստացել է Ադրբեջանին տարածքներ զիջել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու դիմաց։
Հարցին, թե «ի՞նչ գնով կանգնեցրինք ապրիլյան պատերազմը, ինձնից լավ գիտեք, որ օրինակ՝ տվյալներ կան, որ մենք բանավոր համաձայնել ենք 7 շրջանները զիջել՝ ապրիլյան պատերազմը կնագնեցնելու գնով», Հայաստանի երրորդ նախագահը պատասխանել է. «Ոչ, երբեք, այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի: Իսկ այդ տվյալները, կներեք, Դուք որտեղի՞ց եք ստացել, իրականության մեջ այդպիսի բան չի եղել: Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված և կրելով մեծ կորուստներ ստիպված է եղել նստել բանակցայի սեղանի շուրջ»:
Հիշեցնենք, 2016-ին ապրիլին քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով, ըստ Սերժ Սարգսյանի, ուժեղ հակահարված ստացած Ադրբեջանը, կարողացավ, նույն՝ Սարգսյանի խոստովանությամբ, գրավել մոտ 800 հեկտար տարածք՝ այդ թվում հարավում կարևոր մի բարձունք՝ Լելե Թեփեն, և Թալիշ գյուղին նայող դիրքեր։
«Ազատություն». - Ինչո՞ւ չգնացիք այդ տարբերակի ստորագրմանը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը:
Արմեն Գրիգորյան. - Շատ հետաքրքիր է, որ Ձեր նշած մարդը ասում է, որ ինքը պատրաստ է եղել ստորագրելու, և ինքը ևս պատերազմ է ստացել: Չմոռանանք, որ ապրիլյան պատերազմը եղել հենց այդ մարդու իշխանության օրոք, և իբրև ինքը ներկայացնում է, որ ինքը պատրաստ էր զիջումների, բայց պատերազմ է ստացել, այդտեղից մենք կարող ենք եզրահանգել, որ զիջումների հետ պատերազմն այդքան էլ կապված չէր, որովհետև եթե Սերժ Սարգսյանը պնդում է, որ ինքը զիջումների պատրաստ էր և գնում էր այդ զիջումներին, ապա ինչո՞ւ ինքը ստացավ ապրիլյան պատերազմ:
Այն, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը դադարեցվել է տարածքները Ադրբեջանին հանձնելու պայմանով, 44-օրյա պատերազմի ավարտից և զինադադարի ստորագրումից հետո՝ անցած տարվա նոյեմբերի 10-ին պնդեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «2016 թվի պատերազմը ինչի՞ մասին էր, այդ պատերազմը սկսվեց, հետո կանգ առնվեց ի՞նչ պայմանով, հենց այդ պայմանով: Բայց այդ փորձը արդեն այլևս թույլ չէր տա, որպեսզի պատերազմը սկսվեր կամ կանգներ այդ պայմանով, որ դե տեսնենք՝ էլ ինչքան կարող ենք ձգել, որովհետև այլևս ձգելու հնարավորություն որևէ մեկը չի ուզում տալ»: