Պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է․ - «Եթե հրադադարը հարատև բնույթ կրի, ապա Թուրքիան և Ադրբեջանը կարող են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել»։
Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարեց երկուշաբթի երեկոյան Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի հետ Անկարայում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում։ Թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ, Մաասը Անկարա էր ժամանել Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններում նախորդ տարեվերջից նկատվող դրական միտումները ամրապնդելու համար։
«Ես իրոք, իրոք շատ եմ ցանկանում, որ ԵՄ և Թուրքիայի հարաբերությունները բարելավվեն և շարունակեն խորանալ։ Ես ցանկանում եմ նաև, որպեսզի մենք այդ պրոցեսի ընթացքում օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորությունները, և հարաբեությունների խորացումը արդյունավետ լինի։ Շատ կարևոր է, որ մենք նախորդ տարի ծագած խնդիրները այս տարեսկզբից ի վեր թողնենք անցյալում։ Հենց դա է պատճառը, որ մենք ողջունում ենք հաջորդ շաբաթ Հունաստանի հետ մեկնարկող բանակցությունները, որոնց քննարկման առարկան են դառնալու Միջերկրական ծովում իրականացվող երկրաբանական հետազոտությունները», - հայտարարել է Մաասը։
Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցությունները կվերսկսվեն արդեն հունվարի 25-ին։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, Աթենքի և Անկարայի միջև շփումների վերսկսմանը հնարավոր է եղել նախևառաջ ԳԵրմանիայի ջանքերի շնորհիվ։
Հեյկո Մաասն ասել է, որ թուրք-հունական բանակցությունների մեկնարկին ԵՄ պետությունները վաղուց էին սպասում․ - «Սա օրակարգում գտնվող հարցերի դիվանագիտական ճանապարհով լուծմանն ուղղված երկար սպասված մի քայլ է և լավ ազդակ՝ ողջ տարածաշրջանում կայունության վերահաստատման ուղղությամբ»։
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին նախորդ տարվա ամռանը։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Միջերկրական ծովի արևելյան՝ էներգակիրներով հարուստ հատվածում Թուրքիան միակողմանիորեն սկսեց երկրաբանական հետախուզություն իրականացնել։ Դրան ի պատասխան Հունաստանը, որը Միջերկրականի այդ հատվածը իր ծովային տարածքն է համարում, ուժեղացրեց ռազմական ներկայությունն այս շրջանում՝ նաև լայնամաշտաբ համատեղ զորավարժություններ նախաձեռնելով Ֆրանսիայի և Կիպրոսի հետ։ Որպես հետևանք, օգոստոսին և սեպտեմբերին ավելի ու ավելի հաճախ սկսեցին խոսել ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունների միջև հնարավոր ռազմական բախման մասին։
Նախօրեին սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Փարիզի Դիվանագիտության դպրոցի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում հայտարարեց, որ իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարից հնարավոր եղավ խուսափել նախևառաջ իր ղեկավարած կառույցի ջանքերի շնորհիվ։
«Որպես օրինակ բերեմ այն լարվածությունը, որ առկա էր Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ ՆԱՏՕ-ն դարձավ այն հարթակը, որտեղ Թուրքիան և Հունաստանը սկսեցին շփվել։ Մենք կարողացանք երկու դաշնակիցների միջև մի այնպիսի մեխանիզմ ստեղծել, որը կանխեց վտանգավոր միջադեպերի ծագումը՝ ճանապարհ հարթելով առկա տարաձայնությունների դիվանագիտական քննարկումների համար», - նշել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Վերադառնալով Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարների երեկվա ասուլիսին՝ նշեմ, որ դրա ընթացքում Մևլութ Չավուշօղլուն բավական լավատեսորեն էր տրամադրված։ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը մասնավորաբար հույս էր հայտնում, որ 2021 թվականին ԱՆկարան և Բրյուսելը առաջին հերթին ի վիճակի կլինեն գործուն առաջընթաց ապահովել վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Թուրքիա - ԵՄ վիզային ազատականացման մասին պայմանավորվածությունները ձեռք էին բերվել դեռ 2016 թվականին։
Թուրք դիվանագետները, ի դեպ, լուրջ հույսեր ունեն, որ առաջիկայում հնարավոր կլինի կարգավորել հարաբերությունները նաև Եվրամիության մեկ այլ առաջատար պետության՝ Ֆրանսիայի հետ։ Համենայնդեպս դա են վկայում Փարիզի ձեռնարկած վերջին քայլերը։ Անցած շաբաթավերջին թուրքական լրատվամիջոցները տեղեկացրեցին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղարկված նամակի մասին։ «Թանկագին Թայիփ» բառերով սկսվող այս նամակում, ըստ թուրքական աղբյուրների, Մակրոնը Անկարայի և Փարիզի հարաբերությունները խորացնելու պատրաստակամություն է հայտնել։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով, Էրդողանն ու Մակրոնը մոտ ապագայում կարող են հեռավար բանակցություններ անցկացնել, որոնց հիմնական թեմաներն են լինելու ոչ միայն երկկողմ հարաբերությունները այլև մի շարք տարածաշրջանային թեմաներ՝ մասնավորաբար Սիրիայում և Լիբիայում ծավալված իրադարձությունները։