Նուբարաշենի բնակելի շենքերում, Վարդաշենում երկրաշարժի հետևանքները տեսանելի են, վնասի չափը` ոչ

Վերջին 10 օրերի ընթացքում Երևանի և Գեղարքունիքի մերձակայքում արձանագրված երկրաշարժներից հետո այս երկու օջախներում սեյսմիկ ակտիվությունը մարել է։ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական Հրաչյա Պետրոսյանի խոսքով` փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի 110 հետցնցում է գրանցվել, բոլորն էլ թույլ էին։

«Մենք համարում ենք, որ սեյսմիկ ակտիվությունը մարում է, բայց բացառված չի, որ հանրապետությունում և հարակից տարածքներում կլինեն միջին ուժի և թույլ ցնցումներ, ասենք 4-ից 5 մագինտուդ երկարաշարժները կարող ենք համարել միջին ուժի», - ասում է նա:

Մասնագետն ընդգծում է՝ հարևան երկրներում նույնպես ցնցումներ են եղել։ Եղանակը կապ չունի, երկրաշարժը տարածաշրջանում սեյսմիկ ռեժիմի ակտիվության հետևանք է: Հաշվարկների մեջ կարևոր է նաև հասկանալ՝ հատկապես որ հատվածում է եղել ցնցումը. «Նույն ուժի երկրաշարժը եթե լինի քաղաքի անմիջապես տակ կամ քաղաքի մոտ, մեծ ավերածություններ կունենա, նույն ուժի երկրաշարժը եթե լինի Արագած լեռան ստորոտում, կարող է մի քանի հովիվ զգա»:

Վերջին՝ փետրվարի 13-ի 4․7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Երևանից 8 կմ հարավ-արևելք՝ Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կիլոմետր հյուսիս էր, ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ։ Տարածքում շատ են բնակելի շենքերը, և վախեցած բնակիչները դեռ չգիտեն՝ ինչ չափի վնաս է պատճառել երկրաշարժն իրենց բնակարաններին։ Իսկ արտաքինից երևում են միայն պատերի խորը ճաքերն ու մարդկանց վախերը. «Էս ճաքը, էն նրանք, սաղիս պատերը, նենց ահավոր էր... Պառկած էի, լավ ա տելեվիզրը չընկավ գլխիս, սաղ շորերը մեջից թափվեց»:

«Ես քնած էի, ոտս դրի, որ հելնեմ, ընկա վրան, նոր ֆայմա, որ երկրաշարժ ա, բալկոնը ես ասի` գնաց», - պատմում են նրանք` հավելելով, որ ոչ մի պատկան մարմնից իրենց չեն այցելել. «Մեր Նուբարաշենն անտեսված ա ամեն հարցով»:

Այս օրերին ԱԻՆ-ն ավելի քան 3000 ահազանգ է ստացել։ Փլուզումներ եղել են` ոչ մեծ ծավալի Այվազովսկու, Սմբատ Զորավարի, Չեխովի փողոցների մի քանի շենքերում, ահազանգ է եղել նաև, որ Կոմիտասի շենքերից մեկից 10 սալիկ է պոկվել։

Այսպիսի իրավիճակներում հիմնականում նորից հիշվում են այն շենքերը, որոնք մինչև երկրաշարժն էլ բարվոք վիճակում չէին, խոսքը երրորդ, չորրորդ կարգի վթարայնության շինությունների մասին է։

Վարդաշենի հանրակացարանում մինչև երկրաշարժն էլ ապրելը վտանգավոր էր, բնական աղետից հետո էլ ավելի անմխիթար վիճակում է։ Ցնցման հետևանքով 2 տարեկան երեխայի գլխին ծեփոններ են թափվել, փոքրիկը հիմա լավ է, բայց բնակիչները վստահ չեն, որ մի փոքր ցնցումից շենքը գլխներին չի փլուզվի. «Հաստ պատի տակը կանգնեք բան չի լինի, բայց ո՞ւր ա, հաստ պատ էլ չունենք»:

«Գաջի նման ընկավ երեխու գլխին, 2 տարեկան երեխա, մինչև մայրը վերցրեց, վազեց, էտ գաջը թափվում էր, ինքը գոռալով վազավ, մտածում էին` փլվավ», - ներկայացնում են բնակիչները:

ԱԻՆ-ից ու քաղաքապետարանից հայտնեցին, որ այս երկու օրը շրջել են քաղաքով, շենքերով՝ գնահատելու երկրաշարժի հետևանքները։ 27 դպրոց ու մանկապարտեզում արդեն ուսումնասիրություններ են կատարվել։ Ըստ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ լուրջ վնասներ չեն եղել. որոշ քարեր են պոկվել, ճաքեր առաջացել. «Կարող ենք արձանագրել, որ մինչև երկրաշարժն ինչ վիճակ որ ունեինք անվտանգության նկատառումներով պայմանավորված, նույն վիճակն ունենք երկրաշարժից հետո»:

Ինչ վերաբերում է արդեն իսկ վթարային շենքերին, փոխքաղաքապետի խոսքով՝ այդ գույքը պատկանում է սեփականատերերին, և համայնքը պարտավորություն չունի կապիտալ շինարարություններ իրականացնելու, չնայած ամեն տարի, ըստ Սարգսյանի, նորոգման աշխատանքներ տարվում են. «Նուբարաշեն վարչական շրջանում մի շենք ունենք, որի ամրացման աշխատանքները պետք է իրականացնենք, որպեսզի ինքը չդառնա չորրորդ կարգի վթարային»:

Երկրաշարժն ընդհանուր առմամբ հնարավոր չէ կանխատեսել, պնդում են մասնագետները. «Չկա նման բանաձև, որտեղ դնես այս-այս տվյալները ու ստանաս կանխատեսում»: Իրազեկվելու համար էլ հորդորում են հետևել ԱԻՆ-ի էջին։ Այդուհանդերձ, վերջին ցնցումները ապացուցեին` մարդիկ չգիտեին ինչ անել երկրաշարժի ժամանակ, հետո։ ԱԻՆ-ից հայտնեցին` առաջիկայում իրազեկման լուրջ արշավ է իրականացվելու. «Ով իրազեկված է, նա պաշտպանված է»:

Բավական է 10 րոպե շրջել քաղաքում և տեսնել տասնյակ ձևախեղված շենքեր. մեկը պատշգամբն է առաջ բերել, մյուսը ևս մեկ հարկ է կառուցել, երրորդը նկուղն ավելի է փորել: Մասնագետները լուռ համաձայնում են՝ իրազեկությունն այստեղ չի փրկի, պետական կառույցներն էլ մեղավորին տարբեր վայրերում են փնտրում։