Ըստ Բաբաջանյանի, կա անկարող ներկաների ու կրիմինալ նախկինների իրականություն. նոր լուծում պետք է գտնել

Այսօր կա անկարող ներկաների ու կրիմինալ նախկինների իրականություն, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն՝ ընդգծելով՝ այս նախկինների և ներկաների մրցապայքարի մեջ պետք է իրապես նորը, նոր լուծմները, ապագային միտված լուծումները գտնելու խիզախություն և համարձակություն ունենալ։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Հիմա քաղաքական դաշտում գործում են մի շարք ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք տարիների ընթացքում, կախված քաղաքական կոնյուկտուրայից, վերակազմավորվում են և հանդես են գալիս այլ անվան տակ։ Բայց եթե նույնիսկ նրանք լինում են իշխող կամ ընդդիմադիր, նրանք մնում են համակարգային․ եթե ընդդիմություն է, ապա համակարգային ընդդիմություն է, որը ծառայում է իշխանություններին։ Այդպիսի ընդդիմության օրինակներ մենք գիտենք անցյալից, նրանք ընդդիմություն լինելով դարձել են կոալիցիոն գործընկերներ, սերտորեն համագործակցել են իշխանությունների հետ։ Հիմա նախկին իշխանությունները և նրանց համակարգային ընդդիմությունը միավորվել է մեկ հովանոցի տակ և ստեղծել են միասնական ընդդիմություն գործող իշխանությունների դեմ։ Նրանք ունեն ֆինանսական հսկայական միջոցներ, լրատվական հսկայական հնարավորություններ և տեղական կառավարման մարմինների՝ համայնքապետերի և որոշ դեպքերում քաղաքապետերի ու մարզպետների վերականգնված հավատարմությունը։ Կարծիք կա, որ եթե տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա այս ռեսուրսների գործադրման դեպքում կկիրառվի ընտրակաշառքի մեխանիզմը և նախկին իշխանությունները կկարողանան լուրջ մարտահրավեր նետել գործող իշխանություններին։ Ի՞նչ մտորումներ ունեք այս առթիվ։

Արման Բաբաջանյան․ - Իրավացի եք, իրականում կա այդ ռեսուրսը, և վերջին երկուսուկես տարվա ընթացքում մենք տեսել ենք այդ ռեսուրսների ահռելի ծավալների կիրառում։ Նաև վերջին ամիսներին մենք տեսել ենք այդ ռեսուրսի ահռելի ծավալների գործադրում։ Բայց նույնիսկ այդ անծայրածիր ռեսուրսները թույլ չեն տվել, որպեսզի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այդ ուժերին հնարավորություն տրվի երկրում իրավիճակ փոխել՝ այնպիսի դրամատիկ ընթացքով, ինչպես իրենք էին նախատեսել։ Այդպիսի ռեսուրսներ՝ նյութական, մեդիառեսուրսներ տիրապետող այդ շրջանակներն, այսօր քաղաքական պայքարի բոլոր գործիքները սպառած լինելով, արդեն Նիկոլ Փաշինյանին, «Իմ քայլին» փչացնելու, նրանց ոչնչացնելու հրապարակային կոչեր են անում, և քաղաքական գործիչները դրանով ցույց են տալիս իրենց սնանկությունը։ Բայց ես կոչ եմ անում, որ Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և բոլոր նրանք, ովքեր էդպիսի ծայրահեղ քայլերի դիմելու հնարքին են մոտեցել, մոռանան այդ ճանապարհով իրենց ռեաբիլիտացման հնարավորությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանին վերացնելուց առաջ պետք է վերացնեն նաև մեզ, որովհետև իրական այլընտրանքը հենց մենք ենք, որովհետև մերժում ենք նախկիններին և մեծ հաշվով լրջագույն անհամաձայնություններ ունենք այն ամեն հետ, որ գործում են ներկաները։ Հետևաբար այս նախկինների և ներկաների մրցապայքարի մեջ, ես կարծում եմ, որ մենք պիտի իրապես նորը, նոր խոսքը և նոր լուծմները, ապագային միտված լուծումները գտնելու խիզախություն և համարձակություն ունենանք։

Ի՞նչ ասել է արտահերթ ընտրություն․ դա սոսկ մեխանիկական այն քվեն է, որը գցվելու է այդ տուփի մեջ, թե՞ իրապես հասարակությանը նորություն պիտի առաջադրվի։ Այսօր այդ նորությունը չկա, կա ներկա այս գաղջ իրականությունը, անկարող իշխանության, անհամարձակ, երկչոտ իշխանության իրականությունը, և կա հանցագործ, կրիմինալ, քրեաօլիգարխիկ տարրերից բաղկացած նախկինների իշխանությունը։ Նորություն չկա, ուստի ակնկալել, որ ժողովուրդը կմասնակցի այդ միջոցառմանը, որը կպարտադրվի, ըստ էության, մեր երկրին, մեր ժողովրդին, չի կարող լեգիտիմ նոր մարմին ձևավորել, իսկ եթե այդ մարմինը լեգիտիմ չի լինելու, հաստատապես Հայաստանը զրկվելու է իր ինքնիշխանության վերջին բեկորից, իր անկախության վերջին հնարավորությունից, որը, ըստ էության, արտաքին կառավարման տակ է գցելու մեր երկիրը, և դժվար է պատկերացնել, թե արտաքին կառավարում ասելով այս դեպքում մենք ի՞նչը կարող ենք նկատի ունենալ՝ Ռուսաստա՞նը, Ադրբեջա՞նը, թե՞՝ Թուրքիան։

«Ազատություն»․ - Պարոն Բաբաջանյան, Դուք խորհրդարանի այն պատգամավորներից եք, որը շարունակում է անհաշտ կեցվածք ունենալ նախկին իշխանությունների ստեղծած համակարգի վերակենդանացման բոլոր հնարավորությունների նկատմամբ և շատ հաճախ անուղղակիորեն պաշտպանում եք վարչապետին այդ անկյուններից եկող հարձակումներից, բացատրեք, թե ինչո՞ւ։

Արման Բաբաջանյան․ - Շատ պարզ պատճառով՝ ես իրապես տեսնում եմ այն վտանգները, որոնք կախված են մեր երկրի գլխին, և այն պատուհասները, ովքեր ոտնձգում են Հայաստանի ինքնիշխանության դեմ, նրանք, ովքեր քրեական բարքերը մտցրել են մեր քաղաքական համակարգ, մեր պետական համակարգ, նրանք իրավունք չպիտի ունենան որևէ կերպ ռեաբիլիտացվելու, վերակենդանանալու։

Այսօր, ի դեպ, տեսա Սերժ Սարգսյանի հարցազրույցի անոնսը, այդ չքմեղ հայտարարությունները արցախյան կարգավորման ուղղությամբ ուղղակի ինձ համար նոխկանք են առաջացնում մի մարդու կողմից, ով, ըստ էության, գողական սխոտկաներ էր կազմակերպում Երևանում և գողական ռազբորկաներ էր իրականացնում նախագահի պաշտոնում։ Մի մարդ, ով Հայաստանի զարգացումը 7 տարի առաջ դրեց մեծ հարվածի տակ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ մի պայման և մի խնդիր առաջ մղելով՝ անվտանգություն, և մենք տեսանք, թե այդ անվտանգությունը քանի տարի տևեց և թե ինչպես մեր երկիրը՝ Հայաստանը, Արցախը վճարեցին այդ չեղած անվտանգության պայմաններում։ Այս իրականությունը ինձ չի կարող չմտահոգել և ես ցույց եմ տալիս իմ վերաբերմունքը նախկինների նկատմամբ և չեմ թաքցնում նաև իմ վերաբերմունքը ներկա լեգիտիմ իշխանության անգործության, երբեմն հանցավոր անգործության վերաբերյալ իմ գնահատականները չեն ուշանում և իմ բոլոր խորհրդակցություներն առանձին քաղաքական ուժերի, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչների հետ էդ մասին էեն ժամ առաջ ելքեր գտնել այս շրջապտույտից, տեղապտույտից դուրս գալու։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև