Մատչելիության հղումներ

Ըստ Մանուկյանի, իրենց խնդիրն է՝ ամեն տեղ գնալ, մարդկանց ոտքի կանգնեցնել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար


Այսօր Վազգեն Մանուկյանը վանաձորյան դահլիճներից մեկում տեղի ունեցած հանդիպմանն ասաց՝ համոզված է եղել, թե նոյեմբերի 9-ին ստորագրված հայտնի փաստաթղթից հետո ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի իշխանությունը փոխելու համար, բայց դա տեղի չունեցավ, քանի որ, ըստ Մանուկյանի, մարդիկ ընկճված են։ Այժմ իրենց խնդիրն է՝ ամեն տեղ գնալ, մարդկանց բացատրել ու ոտքի կանգնեցնել՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և նրա «վերարտադրվելու» հնարավորությունները բացառելու համար։

Վազգեն Մանուկյանն առանց հստակ որևէ անուն տալու հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի թիմը ոչ թե «Իմ քայլն» է, այլ 20 հոգուց բաղկացած մի լրտեսական խումբ. «Իշխանությունը պետք է փոխվի ժողովրդի միջոցով: Հիմա մի կեղծ գաղափար են մտցրել՝ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի վարչապետ եղած ժամանակ, դա նշանակում է ուղղակի վերարտադրել իշխանությունը: Հիշեք՝ Նիկոլ Փաշինյանը մենակ չէ, ինքը ունի թիմ, դա «Իմ քայլը» չէ, դա մի 20 հոգի մոտավորապես մարդիկ են, որոնց մի զգալի մասը տարբեր երկրների լրտեսներ են, որոնք իրականացնում են դրսի ծրագրեր»:

Ընդդիմադիր մոտ երկու տասնյակ քաղաքական ուժերի միավորող «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն ազգակործան համարեց տարբեր հիմնադրամներից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը, նրանց ևս համարեց տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի լրտեսներ։ Ասաց՝ երեխաներին դեռ փոքր տարիքից սրսկում են ազատության և արդարության գաղափարներով։ Ըստ Մանուկյանի, պետք է երեխային հայ մարդ ու հայ քաղաքացի դաստիարակել։

«Ո՞վ է զբաղվում դրանցով, նրանք սողոսկում են իշխանության մեջ: Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվո՞ւմ է դրանով, զբաղված է նրանով, թե ով ինչ փողով ինչ մեքենա է գնել, ով կտուրը վերանորոգել է ինչ փողով: Բազմաթիվ կազմակերպություններ՝ սորոսական, ոչ սորոսական, համապատասխան հոգեբանությունն են ներշնչում մեր երիտասարդության մեջ: Վերցնում են փոքր ժամանակվանից իրանց սրսկում են շատ լավ գաղափարներ՝ ազատության, արդարության և այլն գաղափարներ, բայց իրականում դարձնում են իրենց ծառա», - նշեց նա:

Մանուկյանն ասաց՝ իրենց ժամանակավոր կառավարության խնդիրներից մեկը պետք է լինի արագորեն վերականգնել Ազգային անվտանգության ծառայության աշխատանքները։ Պետք է օրենքներ ընդունեն, թե ինչ ֆինանսավորմամբ կարող են Հայաստանում կազմակերպություններ աշխատել։ Գործող իշխանություններին մեղադրեց պատերազմում երկիրը պարտության տանելու մեջ։ Համոզված ասաց՝ պատերազմը քիչ զոհերով ավելի վաղ դադարեցնելու հնարավորություն կար, չեն օգտագործել։

«Ապացուցված եմ համարում, որ Շուշին ոչ թե գրավել են ադրբեջանցիները, այլ տվել են մերոնք, դավաճանության պատճառով, թե հիմարության պատճառով, դա առանձին հարց է: Ես կարծում եմ, որ նույնիսկ այդ վիճակում այդ հայտարարությունը կարող էր լինել ավելի բարենպաստ: Զգացվում է, որ հայկական կողմը ոչ մի քաղաքական բանակցություն, առևտուր չի արել՝ այդ փաստաթուղթը լավացնի», - ընդգծեց Մանուկյանը:

«Հայրենիքի փրկության շարժման» Վանաձորում կայացած այսօրվա հանդիպմանը ներկա էին «Հայրենիք», Հայ հեղափոխական դաշնակցություն և Հանրապետական կուսակցությունների ղեկավար անդամներ։ Եկել էին նաև նախկին իշխանության լոռեցի ներկայացուցիչներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը։ Սպիտակի և Թումանյանի ավելի քան 10 տարի պաշտոնավարող համայնքապետերը, որոնք հայտարարել են վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին, հանդիպման էին եկել իրենց աշխատակազմի անդամների հետ։

Շարժման վարչապետի թեկնածուն իր ելույթում չանդրադարձավ ընտրություններին գումար բաժանողներին, փոխարենը ներկաներին կոչ արեց ջարդել փող վերցնողների գլուխները. «Եթե ընտրությունների ժամանակ իմանաք, որ որևէ մեկին փող են տվել ու նա փողով է իր ձայնը տվել, ոնց որ մինչև էդ էր կատարվում, գլուխը տվեք ջարդեք կամ եթե ես վարչապետ լինեմ, եկեք ինձ ասեք»:

Հանդիպման ժամանակ ներկաները հարցադրումներ արեցին գերիների, բանակի, կրթության և տնտեսության վերաբերյալ։ Մասնակիցներից մեկը նշեց, թե Վազգեն Մանուկյանն էլ լավ է խոսում հայերեն, ինչպես նախկին պաշտոնյաները։ Ասաց՝ ակնկալում էր՝ երկար ելույթի փոխարեն հիմնավորում լսել, թե մեկ տարի անց լավ ենք ապրելու։ Մանուկյանին հիշեցրեց՝ 90-ականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել, անգամ վարչապետ եղել, բայց նաև իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել։ Մանուկյանն ասաց՝ սխալ սեփականաշնորհումն էր պատճառը, որն իր օրոք չի տեղի ունեցել։

Հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Նիկոլ Փաշինյանի նախկին աջակից Արթուր Վանեցյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ երևանյան ակցիաները մարզեր չեն տեղափոխել, պարզապես ցանկանում են մարզերի բնակիչներին ևս մասնակից դարձնել իրենց շարժմանը։

«Սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի փրկության և հանուն հայրենիքի փրկության պետք է անել ամեն ինչ, միավորվել, մի կողմ դնել բոլոր քաղաքական տարաձայնությունները, քաղաքական հայացքները: Երբ կլինի արդեն քաղաքական գործընթաց, նոր կտաք հարցերը, թե ինչի՞ են քաղաքական տարբեր գաղափարախոսություններ ունեցող ուժերը կամ այս կամ այն հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունեցող ուժերն իրար հետ կանգնած և համագործակցում», - ասաց Վանեցյանը:

Արդյոք այսօր կայացավ շարժման խնդիրը և մասնակից դարձավ ընտրազանգվածը, այն դեպքում, երբ հանդիպման էին եկել հիմնականում նախկին իշխանավորներ և ընդդիմադիր կուսակցության անդամներ։ Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ Վահրամ Բաղդասարյանը «Ազատության» հարցին ի պատասխան ասաց՝ դահլիճը փոքր էր, հակառակ դեպքում իրենց հանդիպմանն ավելի շատ մարդ կգար։

«Եթե 2018 թվականից հետո այս ամենը տեսնելով ժողովրդի մեջ բան չփոխվի, ես պետք է կասկածեմ արդեն մեր ժողովրդի հայկական արյան մասին, բնականաբար, փոխվել է և հիմնովին է փոխվել», - նշեց Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG